Ադրբեջանում պատրաստել են շինծու հաշվետվություն «Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին»
Ադրբեջանում, հակահայկական քարոզչության շրջանակում, պատրաստել են կեղծ հաշվետվություն «Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին»։
Հաշվետվությունը պատրաստվել է իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների խմբի կողմից։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, դրանում «մանրամասն տեղեկություն է ներկայացված Հայաստանում 2020-2022թթ. մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերի, քաղաքացիական բնակչության հետ դաժան վերաբերմունքի, ցույցերի ժամանակ կալանավորված անձանց, լրագրողների դեմ քրեական գործերի եւ այլնի մասին»։
Հաշվետվությունում ընդգծվել է, որ «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները միշտ երկակի չափորոշիչներ են գործադրում Ադրբեջանի հանդեպ, այն դեպքում, երբ անտեսում են Հայաստանի հակադեմոկրատական եւ անմարդկային վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ վերջին 2 տարիներին»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը եվրոպական կազմակերպությունների մշտական թիրախն է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Բաքվում նման անհեթեթ «հաշվետվությամբ» փորձում են «փոխել սլաքների ուղղությունը»։