Ավինյանը գիտի՞, թե ում համար է հնչում զանգը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Կիրակի կալանավորված Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն առաջին ծիծեռնակն էր, ասում են՝ Տիգրան Ավինյանը 3 օր անդադար փորձել է Նիկոլ Փաշինյանին համոզել, որ այդ ձերբակալությունը՝ քաղաքապետի ընտրությունների նախօրեին, շատ ծանր է նստելու իշխանության վրա եւ ընտրողների ձայների վրա է անդրադառնալու: Փաշինյանն էլ իր հերթին հին երգն է երգել, թե ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, բայց դե, ցանկացած գրագետ մարդ մեղադրանքը կարդալով՝ հասկանում է, որ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միակ իմաստը նրանից կալանքի տակ ցուցմունք կորզելն է, քանի որ այդ հոդվածով անգամ յուրացում չկա՝ միայն անփութություն է։ Այսինքն, բավարար է, որ վախեցնեն կամ կալանքի տակ պահեն, բայց այնքան թեթեւ մեղադրանքով, որ հենց ցուցմունք տա, դուրս գա բանտից:

Հիմա կասեք՝ ո՞ւմ դեմ են ուզում ցուցմունք կորզել։ Եթե նախաքննության ընթացքն ուսումնասիրենք՝ շատ պարզ է դառնում․ ամբողջ աշխարհին հարցաքննել են, բացի երկու գլխավոր պատասխանատուներից՝ պարետ Տիգրան Ավինյանից եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից: Լավ, իսկ ինչո՞ւ պիտի այս երկուսի դեմ խաղ գնա՝ ի վերջո, երկուսն էլ ՔՊ կարկառուններից են։ Այ, այս հարցին կա մի քանի պատասխան: Առաջինը՝ Տիգրան Ավինյանի գնալով աճող դերը․ գաղտնիք չէ, որ ՔՊ թիմում ու արեւմտյան շրջանակներում հիմա հենց նա է Նիկոլ Փաշինյանին որպես այլընտրանք ընկալվում։ Դե պատկերացրեք՝ եթե նա մնում է քաղաքապետի թեկնածու, Փաշինյանը ծուղակում է հայտնվում. մի կողմից՝ ստիպված իր ռեյտինգը պիտի օգտագործի եւ ՔՊ քաղաքապետի համար քարոզարշավ անի, մյուս կողմից՝ հաղթանակի դեպքում Ավինյանի ազդեցությունն էլ ավելի կաճի, ու պարզ չէ՝ վաղը, մյուս օրը նա ինչ սպառնալիք կդառնա հենց Փաշինյանի իշխանությանը:

Մյուս կողմից, Ավինյանը բազմիցս ասել է, որ Երեւանը եւ մարզերը նույնը չեն, եւ ինքը չի պատրաստվում «նախկիններ, ներկաներ» քարոզարշավ անել, հետեւաբար, Երեւանի ընտրությունները շատ բարդ են լինելու, ու պարզ չէ, թե ՔՊ-ն ինչքան ձայն կհավաքի: Հիմա ստացվում է, որ Ավինյանի ռեյտինգը թռած չի գնում, իսկ եթե իրեն անցկացնեն, պարզ չէ, թե հետո ինչ խաղ կխաղա: Փաշինյանը եկել է մի պարզ եզրակացության՝ Ավինյանին եւ իր թիմին պետք է խաղից հանել եւ փոխարինել ավելի լոյալ ու կառավարելի մեկով։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս դա անել, որ ձայների կորուստ չունենան, այլ շահած դուրս գան: Վերջին ամիսների բոլոր հարցումները ցույց են տվել, որ Փաշինյանի ընտրազանգվածը սկսել է կոռուպցիա կասկածել, ասում են՝ հարցումներից մեկում հարցվողների երկու երրորդը պատասխանել է, որ Փաշինյանը եւս կոռուպցիայով է զբաղված: Պարզ մեխանիզմ են մտածել՝ բռնում են մի քանի հոգի իրենց մոտ շրջապատից, ժողովրդին ցույց են տալիս, որ անդադար հակակոռուպցիոն պայքարի մեջ են, դրանով լեգիտիմ իրավունք են ստանում՝ Ավինյանի փոխարեն այլ քաղաքապետի թեկնածու առաջադրել, ձեռքի հետ էլ Ավինյանի աճող թիմի հարցն են լուծում: Այսպես ասած՝ քաղաքի տղերքի ու գյուղի տղերքի խաղում հաղթում են գյուղի տղերքը: Իսկ ո՞վ կլինի քաղաքապետի մյուս թեկնածուն․ այս հարցն այնքան վաղուց է քննարկվում, որ կարծում եմ՝ ոչ մեկին չի զարմացնի այն փաստը, որ ընտրությունը կանգնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրա:

Բոլոր կողմերից իդեալական տարբերակ․ նախ՝ Պապիկյանը ոչ մի բանի չի հավակնում, գոնե՝ հիմա, 2-րդն էլ՝ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից այլընտրանք չի դիտարկվում, ինքն էլ, ի տարբերություն երեւանցի Ավինյանի, հեշտությամբ կխաղա պարզ՝ ժողովրդի միջից դուրս եկած տղու դերը: Ընտրություններն էլ կնշանակեն ամառվա ամենատապին, որ քիչ թե շատ ապահովված խավն արձակուրդի մեջ լինի, կոռուպցիայի դեմ մոլի պայքարի կարգախոսներով բոլոր անապահովներին կհամոզեն, որ էս հասարակ, գյուղից եկած տղեն գալու է՝ մեր քաղաքը շենացնի, Փաշինյանն էլ ամբողջ ուժով էլի կփիառվի, թե տեսա՞ք՝ ոնց բոլոր կաշառակերներին նստացրի, Ավինյանն էլ կդառնա մեր օրերի Սաշիկը եւ կանցնի պատմության գիրկը:

Այնպես որ՝ այդքան հանդիսավոր կազմակերպված խուզարկություն-ձերբակալություն-կալանավորում օպերացիան առաջին արարն էր, երկրորդն անհամեմատ ավելի հետաքրքիր է լինելու: Ես լինեմ Ավինյանի փոխարեն, շատ պարզ կլսեմ այն զանգի ձայնը, որն իր համար է հնչում:

Տեսանյութեր

Լրահոս