«Մենք պատրաստ ենք հաղթահարել, միայն մեր կառավարությունը մեզ հետ պետք է ազնիվ լինի, և մենք պետք է իմանանք, թե հանուն ինչի ենք պայքարում». Ռուզաննա Մանգասարյան
Արդեն 85-րդ օրն է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ՝ 120 հազար խաղաղ բնակիչ հումանիտար աղետի շեմին է։ Այս բոլոր օրերի ընթացքում արցախահայությունը փորձում է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մի կողմից՝ ապրանքների սղությունը, մյուս կողմից՝ դրանք կտրոններով ձեռք բերելու համար հերթերը ստեղծում են լրացուցիչ խնդիրներ։ Առկա խնդիրները որոշ չափով թեթևացնելու և եղած ապրանքները ճիշտ բաշխելու համար Արցախի կառավարությունը ներդրել է կտրոնային համակարգ, բազմաթիվ ապրանքատեսակներ վաճառվում են միայն կտրոններով՝ ֆիքսված չափով։
Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է պետք կառավարել Արցախի տնտեսությունը, որպեսզի կորուստները հասցվեն նվազագույնի։
168.am-ի հետ զրույցում Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը պատասխանելով ինչպես այս, այնպես էլ՝ Արցախի ներկայիս տնտեսական վիճակի մասին հարցերին, նշեց, որ Արցախի կառավարությունն արդեն ժառանգել է մարտահրավերը, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում հնարավորինս արդյունավետ օգտագործեն պետական միջոցները։
«Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանի պետնախարար լինելու ժամանակահատվածը ինչ-որ տեղ այդ ամենը բոլոր ոլորտներում զգացվել է, և՛ միկրո, և՛ մակրո մակարդակներում, սրա մասին փաստում են նաև պետական ոլորտի աշխատակիցները։
Հիմա հասկանանք, թե ի՞նչ ցույց տվեց շրջափակումը, նախ, եթե փորձենք ներկայացնել տնտեսական ցուցանիշները՝ մինչ պատերազմը և հետպատերազմյան ժամանակահատվածում, ապա պետք է ասել, որ մինչև 2020 թվականը մենք ունեցել ենք երկնիշ թվերով տնտեսական աճ։ 10 տարվա կտրվածքով միջին տարեկան աճը կազմել է մոտ 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ Չինաստանը, որն արձանագրում է տնտեսական աճի բարձր տեմպ, այն ժամանակ ապահովում էր մինչև 7 տոկոս տնտեսական աճ։
Մեզ այս ցուցանիշները ցույց տվեցին, որ դեռևս քանակական առումով տնտեսական աճի ցուցանիշը չէր կարող խոսել կյանքի որակի, տնտեսական զարգացման մասին։ Այսինքն՝ այս աճը մեր տնտեսության համար զուտ վերականգնողական բնույթ էր կրում, որովհետև 1990-ական թվականներին պատերազմը կրկին ահռելի վնաս հասցրեց Արցախի տնտեսությանը, և այս առումով այդ շրջանը վերականգնողական էր։ Սակայն այն ռազմավարությունը, գերակա ոլորտները, որ ընդունվել էին պետության կողմից՝ լիներ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, դրանք արդեն 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրավիճակում ցույց տվեցին, որ մենք չունենք սպասված արդյունքները»,- նշեց Ռուզաննա Մանգասարյանը։
Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո Արցախում գործում էին աջակցության բավականաչափ ծրագրեր, որոնք իրականացնում էին և՛ Արցախի ներդրումային հիմնադրամը, և՛ գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Բայց այս շրջափակումը ցույց տվեց, որ չկա ներքին ռեսուրսների վրա հիմնված անհրաժեշտ արտադրության մակարդակ։ Հարկային եկամուտների կառուցվածքը ևս փաստում է, որ Արցախը ներմուծող, այլ ոչ թե արտահանող երկիր է, սակայն ունի բավականաչափ ագրարային ներուժ, որը արդյունավետ օգտագործելու պարագայում կարող են ապահովել պարենային ինքնաբավությունը։
«Այդուհանդերձ այս ամենը ցույց տվեց, որ այդ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն արդյունավետ չէր, հետևաբար, եթե ներդրումների արդյունավետությունն էլ դիտարկենք, ուրեմն՝ սպասելիքների տեսակետից անարդյունավետ է։ Մենք իրականացրել ենք ներդրումների ճյուղային կառուցվածքի վերլուծություն՝ ռեգրեսիոն վերլուծություն, ինչը ևս ցույց է տվել, որ գյուղատնտեսության ոլորտը թույլ ֆինանսավորված է։ Այսինքն՝ որքան էլ այդ աջակցությունն իրականացնում են՝ անհրաժեշտ արդյունք չկա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հետպատերազմյան տնտեսական իրավիճակին, Ռուզաննա Մանգասարյանն ասաց, որ պետությունը 2020 թվականի աղետալի պատերազմից հետո մեծ կորուստներ կրեց, գյուղատնտեսական տարածքների 70 տոկոսից ավելին մենք կորցրեցինք, դրան զուգահեռ՝ կորցրած բնակավայրեր, 32 հազարից ավելի տեղահանված բնակչություն։ Այս ամենը սոցիալական մեծ բեռ է առաջացրել պետության համար։ Այդ պատճառով էլ գործարկվեցին աջակցության ծրագրերը, որը չէր նպաստում արդյունքի ստեղծմանը։
«Աջակցություն դեռևս չի նշանակում սոցիալական արդարություն, հավասարություն և բարեկեցության բարելավում, քանի որ, եթե մենք ներմուծող երկիր ենք, ստացվում է, որ պետությունը ինչքան տրանսֆերներ տրամադրում է բնակչությանը՝ սոցիալապես խոցելի խմբերին, դրա կրկնակին արդեն գանձվում էր հարկերի տեսքով։ Սա է պատճառը, որ այդ ծրագրերը մարդկանց բարեկեցության վրա էական ազդեցություն չեն ունենում և ժողովրդագրական ցուցանիշների բարելավման առումով արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չէ, առավել ևս, մենք ունեինք արտագաղթ։ Ցավալին այն է, որ արտագաղթը տեղի ունեցավ ոչ թե սոցիալական խնդիրների պատճառով, այլ անորոշության և զբաղվածության խնդիրների պատճառով։ Ազատ աշխատատեղեր կային, բայց դա համադրվում էր ցածր աշխատավարձի հետ, ինչի արդյունքում աշխատուժը չէր շահագրգռվում այդ ոլորտում ներգրավվելու համար և արտագաղթում էր։
Այս իրավիճակում, երբ մենք ունեինք պարենային անվտանգության խնդիր, փաստորեն ինքնաբավ չէինք, բնականաբար, ականատես եղանք այն ծանր վիճակին, ինչն ունենք։ Միևնույն ժամանակ սպառողական շուկան պակասորդային է, և դա հիմք է հանդիսանում ստվերային երևույթների ձևավորման համար, որովհետև բնակչության մի խավ կա, որը պատրաստ է բարձր վճարել, միայն թե ձեռք բերի անհրաժեշտ ապրանքատեսակները, ինչն էլ առաջացնում է ստվերի խնդիր»,- նշեց Ռ. Մանգասարյանը։
Նրա կարծիքով՝ պետությունն իր գործիքակազմն այդուհանդերձ օգտագործում է, օրինակ, կտրոնային ռեժիմի ներդրումը պակասորդային խնդրի լուծման արդյունավետ տարբերակն է։ Ներկայում փորձում է նաև որոշ ապրանքատեսակների գների նկատմամբ իրականացնել վերահսկողություն, որը բնակչության շրջանում եղած բեռը որոշ չափով կթեթևացնի։
«Ազգային վիճակագրական ծառայությունը մարտի 1-ի դրությամբ հրապարակել է, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է մոտ 80 հազար դրամ, այն պարագայում, երբ մեր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։ Հասկանալի է, որ սա բնակչության բարեկեցության վրա բացասական ազդեցություն է ունենում, առավել ևս, որ նրա մի մասն էլ կորցրել է իր աշխատանքը, որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը»,- հավելեց տնտեսագետը։
Նրա դիտարկմամբ՝ միանշանակ չեն կարող պատասխանել, թե Արցախի ապաշրջափակումից հետո հե՞շտ կլինի տնտեսական վիճակը բարելավել, թե՞ ոչ, քանի որ Արցախում ռեսուրսների հաշվառման խնդիր կա, այդ խնդիրը կա նաև Հայաստանում։
«Մենք պետք է ճիշտ հաշվառենք մեր ռեսուրսները, իրականացնենք մեր ներուժի արդյունավետ օգտագործում, ըստ որի՝ արդեն մեր ներուժային հնարավորությունները փորձենք գնահատել։ Երբ մենք այս ամենը գնահատենք, մեր ռազմավարությունը ճիշտ մշակենք և պետական կառավարման համակարգը լինի թափանցիկ, կոռուպցիոն երևույթները բացառվեն, այդ ժամանակ մեր ձեռք բերած արդյունքները ավելի շոշափելի կլինեն, և, բնականաբար, ավելի կարճաժամկետ կարող ենք հաղթահարել այդ ամենը: Արցախի բնակչությունն ինքն է շահագրգռված բնակվելու այս տարածքում, բոլորիս համար էլ ամենալավ տեղն այստեղ է։ Եվ որքան էլ շրջափակումը ծանր կացության խնդիրներ է առաջացնում՝ մենք պատրաստ ենք հաղթահարել, միայն մեր կառավարությունը մեզ հետ պետք է ազնիվ լինի, և մենք պետք է իմանանք, թե հանուն ինչի ենք պայքարում, մեր պայքարն ավելի հեշտ կլինի այդ դեպքում»,- եզրափակեց Ռուզաննա Մանգասարյանը։