ՀԱՊԿ գոտուց դուրս գալու՝ Փաշինյանի «հաշվարկի» և ԱԱԾ տնօրեն Քյարամյանի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու հանձնարարականի մասին

Ադրբեջանը շարունակում է հետագա սադրանքների համար հող նախապատրաստել՝ պնդելով, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է, այսօր ևս: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հրահանգել է՝ «միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքները, որոնց միջոցով փորձ կարվի արհեստականորեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: «Անհրաժեշտության դեպքում համարժեք միջոցներ ձեռնարկել»,- շեշտել է Հասանովը:

Միաժամանակ թուրքական լրատվամիջոցներն են սադրիչ հայտարարություններ տարածում՝ «Թեհրանը պատրաստվում է «4000 ահաբեկիչ հասցնել Ղարաբաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ինչպես նաև՝ Իրաքում, Սիրիայում, Արևմտյան Ադրբեջանում ապրող եզդի քրդերի»»:

Բնական է՝ սա տեղավորվում է նաև Իրանի հետ կապված աշխարհաքաղաքական նպատակների տրամաբանության մեջ:

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական և իսրայելական արտադրության տարբեր զինատեսակներ են կիրառվել, և Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ Թուրքիան և Իսրայելը բավականին մեծ դեր ունեն: Եվ այդ պարտքը Իսրայելին Ադրբեջանն ինչ-որ ժամանակ հետո պիտի փոխհատուցի:

Կարդացեք նաև

Թե ինչպես պետք է լինի այդ փոխհատուցումը, մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Իրանը և Իսրայելը: Երբ Ադրբեջանը օդանավակայաններ էր կառուցում Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) հատվածներում, իրանական կողմին մտահոգում էր այդ փաստը, քանի որ լավ հասկանում էին, որ Իսրայելի համար այդ օդանավակայանները կարող են որպես պլացդարմ ծառայել և երկարաժամկետ կտրվածքով Իրանի դեմ որոշակի գործողությունների իրականացման հեռանկարային հնարավորություն ունենալ:

Հրապարակումներ եղան, որ Իրանի հատուկ ծառայությունները վերլուծության և տեղեկության են տիրապետում, որ այդ օդանավակայաններում իսրայելական հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, և փաստացի Իրանը մեծ վտանգ է տեսնում Ադրբեջանից, նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներից՝ տարբեր գործողությունների իրականացման տեսանկյունից: Այսինքն, տարածաշրջանում վտանգավոր զարգացումներ են հասունանում:

Եվ այս բոլոր մարտահրավերների պայմաններում Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վերցնում և որոշում են հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սրանից առաջ էլ հրաժարվել էին ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից՝ պատճառաբանելով՝ ՀԱՊԿ-ը կգար, սպառնալիք կստեղծեր և կգնար:

«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»,- հունվարի 10-ի ասուլիսի ընթացքում ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պլանավորված էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղըզստանում։ Հնարավոր է՝ Հայաստանը սրան չմասնակցի, քանի որ մինչ օրս մասնակցության քաղաքական որոշում չկա:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև գործընթացների տրամաբանության մեջ, քանի որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը և դրա հետ կապված Մոսկվայի դժգոհություններին՝ Արմեն Գրիգորյանն ասել է.

«Մենք դիմել ենք, որպեսզի օգնեն Հայաստանի Հանրապետության հենց սուվերեն տարածքը պաշտպանելու, և ստացել ենք զրո աջակցություն բառիս բուն իմաստով, նույնիսկ որոշ բաներում Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլ նաև հակառակորդին աջակցություն է, և միակ պատճառը, որ մենք հրավիրել ենք Եվրամիության դիտորդներին, որ մեր հանդեպ պարտավորությունները չեն կատարվել, բնականաբար, Հայաստանը պետք է փնտրի հավելյալ երաշխիքներ»:

Արմեն Գրիգորյանը, ըստ էության, կրկնում է Նիկոլ Փաշինյանի պնդումները:

2023 թվականի փետրվարի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.

«ՀԱՊԿ-ի պարագայում մենք շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այն ունի շատ մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կամ կանոնակարգման, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացմամբ Հայաստանը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել, մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է»:

Իսկ անցած տարվա հոկտեմբերին ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել, և նշել պատճառները՝ պարզ և բարդ:

 «Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»:

Այն, որ Հայաստանը Ռուսաստանին փոխարինող է փնտրում, Ադրբեջանից զգուշացնում էին առնվազն 2022 թվականի մարտին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա:

Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր.

«Բայց ֆրանսիացիները չեն ցանկանում գալ այս տարածաշրջան այս կարգավիճակով, իսկ Ֆրանսիայում ընտրություններից հետո հայկական թեմատիկան կմոռացվիԻսկ ով կգա, ես կարծում եմ, որ եթե ՌԴ-ն կրճատի իր մասնակցությունը խաղաղության աջակցման գործում, չպետք է մոռանանք, որ նա նաև մոնիտորինգային առաքելություն ունի, որին հավասարաչափ մասնակցում է նաև թուրքական կողմը: Այնպես որ, եթե Ռուսաստանը որոշի նվազեցնել իր ներկայությունն այդ օպերացիայում, այն հեշտությամբ կարող է փոխհատուցվել թուրքական զինուժով: Այսինքն, խաղաղության աջակցման առաքելությունը կամ գործառույթը, որը կատարվում է այսօր, կշարունակի կատարվել»:

Ադրբեջանի նախկին պաշտոնյան հավելել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմն ազդելու է ՌԴ կարողությունների վրա՝ իրականացնելու ռազմական իմիջային նախագծեր՝ հետխորհրդային տարածքում բազաների ներկայության և դրանց պահպանման առումով, այդ թվում՝ Գյումրիի ռազմաբազայի:

Այսինքն, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն նաև ի դեմս Թուրքիայի է տարածաշրջանում անվտանգային խնդիրներով զբաղվելու: Մյուս կողմից, չենք կարող անտեսել ՆԱՏՕ-ի մերձեցումը ադրբեջանական բանակի հետ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով: Հարցը սակայն այն է, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ստեղծում է թուրքական մոդելի փոքր բանակ, մենք նման աջակցություն չունենք, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է հասնել ՊԲ-ի և ՀՀ ԶՈՒ-ի չգոյությանը, կամ առնվազն իրենից սպառնալիք չներկայացնելուն:

Եվ մի կողմից իշխանության ներկայացուցիչները բարոյախրատական ելույթներ են ունենում, թե չպետք է արտահայտել այնպիսի մտքեր, որը Ադրբեջանին սադրանքի կմղի, մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը շարունակում է արկածախնդիր և անհաշվարկ քայլերը, ըստ էության, հաշվի չառնելով ուժային կամ անվտանգային կառույցների կարծիքը կամ այն խնդիրները, որոնք նրանք են ստիպված լինելու լուծել՝ ի դեմս ՀՀ զինված ուժերի:

Եվ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, ով պատերազմի օրերին չհամաձայնելով Ադրբեջանի՝ խաղաղապահների մասին պատկերացումներին, հայտարարում էր, որ եթե խաղաղապահ ուժեր, ապա միայն ռուսական, և ոչինչ, որ 2016-ին ՌԴ-ին մեղադրել էր Ապրիլյան պատերազմը սկսելու կամ հրահրելու մեջ:

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել էր Փաշինյանը:

Ադրբեջանի ղեկավարն իր հերթին՝ այդ ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում, հատկապես, երբ այն հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մաս է կազմում, այլ հարց է, որ Բաքուն իր պահանջներն ունի այդ հաշվով:

«Բայց սա վերջին կետն է, վերջին հարցերից մեկը, որը պետք է ուղղել կողմերին, և, իհարկե, երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համաձայնության գան դիտորդների կամ խաղաղապահների կազմի վերաբերյալ: Այդ պատճառով բանակցությունների ընթացքում մենք լրջորեն չենք քննարկել այս հարցը: Կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն իրենց անունից առաջարկներ կներկայացնեն այդ դիտորդների կազմի, թվի վերաբերյալ, թե երբ և որտեղ կուղարկվեն: Ինչ մանդատի մասին է խոսքը, ով է այն ներկայացնելու: Սա կարևոր է զուտ տեխնիկական տեսանկյունից, քանի որ հիմա մարտական գործողությունների ակտիվ փուլ է: Բայց վերջին խոսքն Ադրբեջանինն է, քանի որ դա ՀՀ-ի տարածքը չէ»,- մասնավորապես, ճապոնական Nikkei պարբերականին ասել էր Ալիևը:

Ավելի ուշ Ադրբեջանի ղեկավարը բաց տեքստով հայտարարել էր՝ հակամարտության գոտում կտեղակայվեն ոչ միայն ռուսական, այլև թուրքական խաղաղապահներ:

Թուրքական խաղաղապահներ, բառի բուն իմաստով, Արցախում չտեղակայվեցին, սակայն Ակնայում (Աղդամում) բացվեց հրադադարի վերահսկման կամ դիտարկման ռուս-թուրքական կենտրոն: Եվ հիմա ո՞վ գիտի, թե ինչ կլինի, գուցե Ալիևի այս ցանկությանը ուշացումով կատարվի՞, գուցե կա ինչ-ինչ պայմանավորվածությո՞ւն…

Վերադառնալով ՀՀ ուժային կառույցների համար խնդիր ստեղծելուն, հավելենք, որ 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ասել էր.

«Ես ԱԱԾ տնօրեն նշանակվելու երկրորդ օրը ինձ մոտ եմ հրավիրել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին և հանձնարարել, որ ամեն ինչ պետք է արվի, որ հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես հատուկ ծառայությունների ոլորտում, հնարավորինս բարելավվեն, եթե լավ են, ավելի լավը դառնան: Եվ այդ ուղղությամբ, ինչպես բազմաթիվ հանձնարարականներ են տրվել, այնպես էլ բազմաթիվ գրավոր փաստաթղթեր են կազմվել, որոնք հիմա կան ԱԱԾ-ում: Այս ամենը ես արել եմ զուտ մի տրամաբանության մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելու, և թե մեր ազգային անվտանգության և մեր շահի հետ կապված: Ես շատ բարձր եմ գնահատում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, և դա հատկապես ցայտուն ընդգծվեց վերջին պատերազմի, ինչո՞ւ չէ, նաև՝ հետպատերազմյան զարգացումների ընթացքում»:

Ի դեպ, ռուսական գործակալների լինել-չլինելու հարցին ի պատասխան՝ Քյարամյանը շեշտել էր.

«Բարեկամ երկրները միմյանց մոտ գործակալներ չեն ունենում, և ռուսական գործակալ արտահայտությունը, իմ կարծիքով, քաղաքական առումով կոռեկտ չէ»:

Հիշեցնենք, որ 2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ը Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին: Նրա ազատման պատճառը մինչ այժմ հայտնի չէ:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ինև դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից: Գուցե սա էր պատճառը, իսկ գուցե ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտացնե՞լը չի եղել Նիկոլ Փաշինյանի սրտով, թեպետ այդ ժամանակ, ինչպես նշեցինք, ինքն էլ էր ռուսական գովք անում, մասնավորապես՝ խաղաղապահների տեղակայման համատեքստում:

Ի դեպ, Քյարամյանը հիշատակված հարցազրույցում վստահեցրել էր, որ ինքը քմահաճույքներ կատարող չէ:

Տեսանյութեր

Լրահոս