Տոյվո Կլաարն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը. Արցախի ԱԳՆ
Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին համապատասխանության առումով: Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ Կլաարի հայտարարության կապակցությամբ արված մեկնաբանությունում:
Արցախի ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը:
«Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունից ընդգծել են նաև, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեն, որի մասին հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։
«Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ամբողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու իր հանցավոր ծրագրերը։
Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»,-շեշտել են նախարարությունից:
Ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում Կլաարը նշել էր, թե Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ «Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։
Մարտի 9-ին Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ մեծապես անհանգստացած է վերջին մահաբեր բախումներով և կրակոցների մասին նոր հաղորդումներով: «Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բախումներից բավականաչափ տուժել է։ Հիմա ժամանակն է՝ միասին աշխատելու երկարատև, արդար խաղաղության համար»,-նշել էր նա: