Կան բաներ, որոնք ձեր վրայից չեք կարող գցել. Աշոտ Ոսկանյանը՝ իշխանություններին

«Արցախի խնդիրն այն հարցն է, որն այսօր մեզանից բոլորից ահռելի ջանք է պահանջում:  Ես ծայրահեղ անհանգստացած եմ, որ մեզանում՝ հայաստանյան միջավայրում, այս հարցում, ցավոք, կան երկու տարբեր բևեռացված տեսակետներ, որոնցից ոչ մեկը ճիշտ չէ,- «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի անդամ, Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը՝ մանրամասնելով,-  Մեկն ասում է՝  պետք է պահաջենք, որ Արցախը դառնա անկախ պետություն, մյուսն էլ ասում  է՝  մենք ոչինչ չենք կարող անել. պետք է մտածենք ամեն առանձին արցախցու  իրավունքների պաշտպանության մասին:

Դա նշանակում է կորցնել Արցախը՝ որպես միավոր: Բայց մեր խնդիրն այն է, որպեսզի  ունենանք հայկական Արցախ, որտեղ մարդիկ ոչ միայն պարզապես ապրում են, այլև ապրում են որոշակի ադմինիստրատիվ ինքնակառավարման, տնտեսական ինքնուրույնության պայմաններում»:

Աշոտ Ոսկանյանը հավելեց՝ այս գործընթացում մեր ներդրած ջանքերը սովորական չեն լինելու, որովհետև արդեն ապրում ենք ոչ սովորական աշխարհում: Ըստ նրա՝ անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա, որպեսզի խնդիրը լուծվի, և ոչ թե ֆորմալ տեսակետից, այլ պրակտիկ տեսակետից:

Անդրադառնալով Արցախի հարցի հանդեպ միջազգային հանրության ընկալմանը և հատկապես 90-ականներին միջազգային կառույցներում իր փորձառությանը՝ հանրային գործիչը նկատեց. «Այն ժամանակ Արցախի խնդրով զբաղվում էր ՄԽ կոչվածը, և այդ ժամանակ ունեինք բոլորովին այլ իրավիճակ: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ կար կոնսենսուս երեք մեծագույն ուժերի միջև՝ ՌԴ, ԱՄՆ և Եվրոպա, և  եթե մենք մտածում էինք այն մասին, որ կարող ենք որոշակի լուծում առաջարկել Արցախի խնդրի համար, ապա այդ լուծումը պետք է ունենա երաշխավորներ: Այսօր մենք այդ երաշխավորները չունենք, հետևաբար՝ հուսալ, թե մենք կարող ենք գնալ ինչ-որ դատարկ փաստաթուղթ ստորագրել, և դրանով ինչ-որ մեկը այդ փաստաթուղթը կկատարի, դա շատ ավելի դժվար է: Մյուս կողմից՝  միջազգային մեխանիզմները շատ դանդաղ են աշխատում»:

Կարդացեք նաև

Պատմության կրկնությունների, առկա իրավիճակի մասին իր դիտարկումներում Աշոտ Ոսկանյանն արձանագրեց. «Այդ 2018 թվականի հեղափոխությունը, այնուամենայնիվ, քաղաքացիական շարժում էր, որոշակի ոգևորություն կար, որ՝ հիմա մենք կսկսենք կարգի բերել մեր հասարակության ներքին խնդիրները: Բայց գիտեք, կային մարդիկ, որոնք եկել էին և տպավորություն ունեին, որ այդ դրսի հանգամանքները իրենց խանգարում են (հավես չկա. ես էստեղ եկել եմ ՀՀ-ն ներքևից վերակառուցեմ, սրանք էլ եկել են՝ մեկը սահման է ասում, մեկը Արցախ է ասում, ո՞վ հավես ունի այդ հարցերով զբաղվել):

Եվ այդ հավես չունենալը մինչ օրս տեսնում ենք.  տպավորությունն այն է, որ՝ վրայիցս գցեմ-գնամ, տեսնեմ՝ ինչ եմ անում, բայց բաներ կան, որոնք դուք չեք կարող վրայից գցել. դրանք ամենակարևորն են ազգային կյանքում: Եվ, իհարկե, այսօր մենք ստիպված ենք բավականաչափ ցածր տեղից այդ բոլոր հարցերը նորից ու նորից լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս