Բաժիններ՝

Քննարկվել են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները

«Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները» խորագիրն է կրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու «Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության մարտի 10-ին կազմակերպած գիտագործնական կոնֆերանսը։

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների մասին շատ տնտեսվարողներ ու իրավաբաններ խորքային պատկերացումներ չունեն, տեղեկացված չեն հնարավոր իրավական հետևանքների, ինչպես նաև դրանցից խուսափելու համար ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերից»,- ինչպես տեղեկացրին ՀԱԳՄ-ից, բացման իր խոսքում նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Ըստ նրա՝ նոր կարգավորումներով բարձրացվել է իրավաբանական անձանց պատասխանատվության աստիճանը՝ դառնալով քրեական։ Վերջինս գործարարներին կստիպի առավել զգոն լինել, դրսևորել նոր չափանիշներին համահունչ կառավարման ու գործունեության վարքագիծ։ ՀԱԳՄ նախագահը կարևորել է տնտեսվարողներին անհրաժեշտ տեղեկատվությունը ու գործիքակազմերը հասանելի դարձնելը, ինչը կնպաստի խուսափել քրեական պատասխանատվության ենթակա վարքագիծ չդրսևորելուց։

«Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության հիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նոր նորմերի կիրառման հնարավոր բացասական դրսևորումները հիմնականում պայմանավորել է օրենքի դրույթների ոչ բավարար իմացությամբ։ Դրական հետևանքը, ըստ բանախոսի, կլինի այն, որ գործարար աշխարհի ներկայացուցիչները կվերանայեն իրենց ներքին օրենսդրական կարգավորումները, որն իր հերթին հիմք կծառայի տարբեր տեսակի համագործակցությունների համար, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։

«ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով՝ այս ինստիտուտը նոր է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային փորձի տեսանկյունից։ Հենց վերջինս ներդնելու, տեղայնացնելու նպատակով էլ փորձ է արվել այս կարգավորումները բերել մեր իրավական համակարգ։ Այն իրավամբ կարող է ի հայտ բերել մի շարք հարցեր կապված քրեական պատասխանատվության բնույթի, հասարակության, տնտեսության մեջ ընկերությունների դերակատարման, ինչպես նաև պատժի և կանխարգելման միջոցների միջև ճիշտ, արդյունավետ հավասարակշռությունը ապահովելու տեսանկյունից»,-նշեց բանախոսը։ Ըստ նրա՝ մի կողմից ներդրված գործիքի կողմնակիցները պնդում են, որ իրավաբանական անձանց իրենց գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է արդյունավետ միջոց լինել սխալ հակաիրավական կորպորատիվ վարքագիծը զսպելու, կանխելու և բարեվարքության մշակույթը խթանելու, ինչպես նաև առավել արդյունավետ, արդարացի միջոց հանդիսանալ տնտեսական հանցագործությունների զոհերի իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։ Մյուս կողմից, սակայն, կան նաև արդարացի մտավախություններ, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը կարող է հանգեցնել արարքների կամ ինստիտուտների գերքրեականացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այն պարագայում, երբ, ըստ էության, ֆիկցիա հանդիսացող սուբյեկտը պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների, կառավարիչների կամ հիմնադիրների գործողությունների համար, արդյոք այս դեպքում հնարավոր կլինի՞ խոսել ռեալ պատասխանատվության մասին, թե սա կարող է դառնալ անհատական, սուբյեկտիվ պատասխանատվությունից խուսափելու միջոց»,- նշել է բանախոսը։ Նրա գնահատմամբ՝ գործ ունենք բավականին բարդ ինստիտուտի հետ, որի կիրառությունը պահանջելու է բարձր պրոֆեսիոնալիզմ, մանրակրկիտ ուսումնասիրություններ և կշռադատված մոտեցումներ, ինչը կարող է հանգեցնել լավ պրակտիկայի ձևավորման։

«Այն հարցերը, որոնք այսօր կքննարկվեն ու կբարձրացվեն, շատ կարևոր են նաև մեզ համար որպես օրենսդրական գործունեությամբ զբաղվող ինստիտուտների, որպեսզի միասին կարողանանք վեր հանել խնդիրները՝ չսպասելով դրանց ի հայտ գալուն, և հնարավորոթյան ու անհրաժեշտության դեպքում կարողանանք դրանք վերանայել ու շտկել»,-ասել է Տիգրան Դադունցը։

«Գիտագործնական կոնֆերանսի բանախոսները՝ «Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր-տնօրեն, ի․գ․թ․ Արթուր Ղազինյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Գագիկ Աբելյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը, Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը և «DIMESION LEGAL RVC» իրավաբանական ընկերության տնօրեն, ի․գ. թ․ Դավիթ Հակոբյանն անդրադարձան իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ընդհանուր պայմաններին, հիմքերին, կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցներին։ Ներկայացվեցին իրավական անձի վերաբերյալ վարույթը, ինչպես նաև «Compliance ծրագրերը»՝ որպես իրավաբանական անձի քրեական պատասխանատվության բացառման հիմք և ներդրումների գրավչության գործիքակազմը»,- հայտնում են ՀԱԳՄ-ից՝ հավելելով, որ բանախոսները պատասխանել են ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս