«Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ մեզ «նվեր» արեցին. Պուտինն Արցախում կուժեղացնի հսկողությունը». Աիդա Սերոբյան
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը պատահական չի համարում, որ Արցախում դիվերսիան տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
«Քանի որ Վազգեն Սարգսյանը եղել է բանակի հիմնադիրը, քանի որ Վազգեն Սարգսյանը շատ լավ ղեկավար և պաշտպանության նախարար է եղել, ես մտածում եմ, որ Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ մեզ «նվեր» արեցին: Մարդիկ կանխամտածված խախտեցին սահմանը և եկան մեզ մոտ: Տեսանյութ էին հրապարակել, որում շրջանակի մեջ էին առել, որ ահա, անտառից դուրս եկան, ճանապարհով եկան և մոտեցան, ՈւԱԶ-ի վրա էլ բազմաթիվ կրակահերթեր էին արձակել, որ նայում ես՝ ոնց որ փլավքամիչ լինի այդ մեքենան՝ այնքան խոցված է գնդակներից, այսինքն՝ այնտեղ բավականին թվով մարդիկ են կրակել, և բացի այդ՝ վերջում էլ մեկը մոտենում է, որ տեսնի՝ հո ինչ-որ մեկը կենդանի չի՞ մնացել այնտեղ: Եթե նկարահանող սարքեր են այնտեղ տեղադրված, ուրեմն՝ ինչ-որ մեկը պետք է հետևի, հո այդ սարքերը դրված չէ՞, որ գան սպանեն, հետո դնեն՝ նայեն, թե ով եկավ: Եթե հետևեին այդ էկրանին ու տեսնեին, որ ադրբեջանցիները դուրս են եկել իրենց դիրքերից, պետք է մեր զորքերին հայտարարեին տագնապ, այսինքն՝ նրանք ոչ թե պետք է գային, հասնեին, ոչնչացնեին մեր սպաներին, հետո նոր տագնապ բարձրացնեին ու ոչնչացնեին, այլ այն ժամանակ, որ զինված դուրս եկան իրենց դիրքերից ու մտան Արցախի տարածք, հենց այդտեղ պետք է նրանց ոչնչացնեին: Եթե ժամանակին ոչնչացնեին, չէինք ունենա երեք զոհ և վիրավոր, որի վիճակը ծանր է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աիդա Սերոբյանը նկատեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու համար. «Բայց արցախցին կանգնած է իր տեղում ու չի էլ պատրաստվում դուրս գալ և ճիշտ է անում: Ադրբեջանցիներն ունեն հատուկ իրենց ձեռագիրը, որը ցմահ է, չի փոխվում. օրինակ՝ քնած ժամանակ կացնահարեցին մեր լեյտենանտ Մարգարյանին, դա իրենց ձեռագիրն էր, կամ երբ մտան Մարտակերտի գյուղը ու ծերերի ականջները կտրեցին, սպանեցին, կամ, որ մեր գերիներին խոշտանգում են, դա իրենց ձեռագիրն է, իսկ ձեռագիրը երբեք չի փոխվում: Ամեն քայլին զոհեր տալուց հետո ո՞նց կարելի է նրանց հետ խաղաղ ապրել: Նույնիսկ զինադադարի դեպքում նրանք կրակում ու սպանում են, խաղաղ բնակիչներին են սպանում: Արցախյան պատերազմում 10 հազարից ավելի զոհերի հարազատները արդյո՞ք կկարողանան խաղաղ ձևով ապրել, հաշտվել այդ մտքի հետ»:
Աիդա Սերոբյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք. «Արցախը տալուց հետո Սյունիքն ենք տալու, հետո՝ Վայոց Ձորը, Սևանը, ու կմնա Երևանը, եթե մնա: Չեմ գտնում, որ Արցախը տալով՝ հանգիստ ապրելու ենք, ո՞ւմ ենք տալու, ի՞նչ հույսով: Մի՞թե մոռացել ենք Սումգայիթը, Բաքուն, չէ՞ որ 70 տարի խաղաղ ապրել են իրար հետ, բայց ի՞նչ եղավ 70 տարի հետո…»:
Նա կարծում է, որ Արցախում տեղի ունեցած դիվերսիայից հետո Պուտինն այնտեղ կուժեղացնի հսկողությունը. «Երեկ այնտեղ էին, չէ՞, ռուսները, հետո որ սպանեցին մեր սպաներին, ԲՄՊ-ներով ռուսներն եկան, չէ՞, բայց էլ ո՞ւմ էր պետք: Ես ռուս խաղաղապահներին ոչինչ չունեմ ասելու, բայց կարծում եմ, որ հարկավոր է ավելի խստացնել և խտացնել, երևի բավարար չափով կանգնած չեն ռուս խաղաղապահները: Այդ հսկայական տարածքում հազար քանի հարյուր խաղաղապահն ի՞նչ պետք է անի: Ես կարծում եմ՝ այս դեպքից հետո Պուտինը կավելացնի թիվը, ու ավելի խիստ ձևով կսկսեն հսկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում