Համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում և նման սցենարներ դեռ չեն երևում հորիզոնում. Անահիտ Ավանեսյան

«Կորոնավիրուսը դեռ որևէ տեղ չի չքվել, ունենք նաև շրջանառվող քովիդ: Սուր շնչառական վարակների, կորոնավիրուսի և կարմրուկի նախնական ախտանշանները բավական նման են իրար և դժվար է տարբերակել գաղտնի շրջանում և մինչև ցանավորումը՝ տենդն ինչի՞ց է, կորոնավիրուսից, թե՞ կարմրուկից: Հորդորում ենք՝ հատկապես մանկահասակ երեխաների առումով չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել բժշկի»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս պահին կա փոքր բռնկում, որը պետք է ճիշտ ձևով զսպել և թույլ չտալ դրա հետագա տարածումը:

«Համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում և նման սցենարներ դեռ չեն երևում հորիզոնում, և պետք է անել ամեն ինչ, որ չլինեն: Ոչ միայն կարմրուկի, այլև մի շարք մանկական առանձնահատուկ ինֆեկցիաների դեմ պատվաստումները միակ անվտանգ, արդյունավետ միջոցներն են վերջին 200 տարիների ընթացքում, որոնք կանխում են վարակի տարածումը, հիվանդացությունը: Փոքր բռնկման մասին ենք խոսում, բայց, եթե չունենայինք 95 տոկոսով պատվաստվածության ընդգրկվածություն, ապա նոր կխոսեինք համաճարակի մասին: Այս պահին դպրոցներում և մանկապարտեզներում, մինչև հաստատություն ներս թողնելը ստուգում են ջերմության առկայությունը և այլն: ԱՀԿ 27 երկրներում, երվրոպական տարածաշրջանում էլ առկա են փոքր ու միջին բռնկումներ, ես այս պահին չեմ նշի, թե որ երկրից է մեր ենթադրվող առաջին դեպքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Խոսելով կարմրուկի այսչափ հնչեղության մասին՝ Առողջապահության նախարարը նշեց, որ անգամ փոքր բռնկումներն ունեն աճելու հավանականություն, եթե համալիր գործողություններ չիրականացվեն:

Նախարարը հորդորեց՝ մեկ տարեկան երեխաներին, որոնք դեռ պատվաստված չեն, զերծ մնալ ժամանցի վայրեր տանելուց, այնպիսի տեղեր, որտեղ վարակման հնարավորությունն ավելի մեծ է:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք բոլոր պոլիկլինիկաները ապահովված են պատվաստանյութով, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.

«Ունենք անհրաժեշտ քանակ: Առաջիկայում կլինի հաջորդ խմբաքանակի ներկրումը: Պատվաստանյութերի առկայության որևէ խնդիր չունենք: Առաջիկա օրերին կստեղծվեն 1-2 շարժական կետեր, որ ավելի հասանելի լինի պատվաստումը մեր քաղաքացիների համար: Մեծահասակները, ովքեր չեն հիշում՝ փոքր ժամանակ պատվաստվե՞լ են, թե՞ չէ, եթե կոնտակտավոր են, ապա 72 ժամվա ընթացքում կպատվաստվեն: 2007թ.. ՀՀ-ում իրականացվեց բավական լայնածավալ պատվաստման արշավ և դրա շրջանակներում 27 տարեկանը լրացածները հնարավորություն ունեցան պատվաստվել ԿԿԽ: Այս երկու օրվա ընթացքում մոտ 400 պատվաստում արդեն իսկ իրականացվել է: Այն բալիկները, ովքեր մեկ տարեկանում ստացել են մեկ դեղաչափ, և 4 տարեկանը լրացել է, այլևս սպասելու կարիք չունեն, այսօր էլ կարող են դիմել պատվաստվելու համար»:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ հավելեց, որ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, մնում է ամբողջ կյանքի ընթացքում և, վտանգավորությունն այն է, երբ նպաստող հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ, որի դեպքում առաջանում է ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ, որն ուղեղի թաղանթի բորբոքումն է, ինչն էլ 100 տոկոս մահվան ելք է առաջացնում:

Տեսանյութեր

Լրահոս