Գերմանիայի կանցլերը փորձ է արել հավասարակշիռ լուծումների համար տեղ բացել. եվրոպացի քաղաքագետ

Օրերս՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ միջազգային հանրության առանցքային ներկայացուցիչներից մեկն ուղիղ տեքստով խոսեց ԼՂ ինքնորոշման իրավունքից։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում կարևոր շեշտադրումներ է արել, որոնք քաղաքական լայն քննարկումների առիթ դարձան Հայաստանում։

Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Բեռլինը կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից՝ նշելով, որ այս երկու իրավունքները հավասարազոր են։

Շոլցն անդրադարձել էր նաև դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք»,- վերահաստատել էր Գերմանիայի կանցլերը՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության բարելավումը։

Թեև հարկ է նաև նշել, որ Գերմանիայի կառավարության կայքում կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության մի մասն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի եղել, սակայն, այնուամենայնիվ, սա էական իրադարձություն է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ ԼՂ կարգավիճակի նշաձողն իջեցնելու քաղաքականությունը, որը նրանք փորձում են բարդել միջազգային հանրության վրա։

168am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ նման հարցերում դիրքորոշումը արտաքին գործընկերներին թելադրում է հենց այն կողմը, որը ներգրավված է որոշակի հակամարտությունում կամ հարաբերություններում։

Ուստի, ըստ նրա՝ կարող է կարևոր լինել միջազգային հանրության դիրքորոշումը, բայց այդ դիրքորոշումները ձևավորվում են աշխատանքի, համատեղ շահերի արդյունքում։ Փորձագետի կարծիքով, առանցքայինն այն է, թե ինչ սկզբունքներ են առաջ մղում Հայաստանն ու Ադրբեջանը, իհարկե, նաև, թե դրանից հետո ինչ միջազգային աջակցություն են ստանում, ինչպես են ձեռք բերում այդ աջակցությունը, ինչ փաստարկներով ու դիվանագիտական բառամթերքով։

«Ինչպես տարածքային ամբողջականությունը, այնպես էլ ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային սկզբունքներ են, և նմանատիպ բոլոր հակամարտությունների դեպքում շատ բարդ է հստակեցնել, թե որն է ավելի կարևոր։ Բայց պատահում են փուլեր, երբ այս սկզբունքների միջև պատերազմը շարունակվում է անվերջ, կամ հաջողվում է միայն մեկը կարևորել, մյուսը՝ անտեսել։ Սակայն Գերմանիայի կանցլերը, կարևորելով հավասարապես այս երկու սկզբունքը, փորձ է արել հավասարակշիռ լուծումների համար տեղ բացել, որովհետև խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, նշանակում է՝ պաշտպանել մեկ կողմին բացառապես, և եթե նույնիսկ միմիայն այդ ձևաչափով հակամարտությունը լուծվի, այն չի լուծելու հակամարտությունը հիմքից։ Ուստի այս մասին խոսելը հավասարակշռող նշանակություն ունի և ճիշտ մոտեցում է։ Կարևոր է նաև այն, թե իսկապես կզարգացվի՞ այս դիսկուրսը ռեգիոնում, թե՞ ոչ։ Եթե զարգացվի, եթե միջազգային հանրության այլ դերակատարներ ևս սա առաջ մղեն, դա կլինի դրական։ Բայց, ինչպես գիտենք, տարածաշրջանային զարգացումները բարդ բնույթ են կրում, և կանխատեսել, թե այս հայտարարությունն ինչ ազդեցություն ու հետևանք կունենա՝ շատ բարդ է ասել։ Եթե այն չկիրառվի, այն կմոռացվի, բնականաբար, չի ունենա որևէ նշանակություն։ Իսկ հակառակ դեպքում՝ կունենա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա չբացառեց նաև այն, որ սովորաբար երկկողմ հանդիպումների ժամանակ դիվանագետները միմյանց ականջին հաճո ձևակերպումներ են օգտագործում՝ փորձելով տեղավորվել միմյանց օրակարգում։

«Դա ևս բնական է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս