«Ձեր օրոք անընդհատ զոհեր և տարածքային կորուստներ են. լա՛վ, ե՞րբ եք քայլի դիմելու». հարց՝ Փաշինյանին
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Հանդիպումը սկսվեց այցի և ստացած տպավորությունների մասին Փաշինյանի կարճ հաշվետվությամբ: Հերթով թվարկեց, որ տնտեսական խորը խնդիրներ, ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենա, բայց լավ լուր չունենք արտաքին միջավայրի և անվտանգության առումով: 9 րոպեանոց խոսքից հետո ներկաներին հարցեր տալու հնարավորություն տվեց: Առաջինը Փաշինյանին հարց ուղղեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
Նա նախ մեջբերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրային դրույթից մի հատված, որը վերաբերում էր Արցախին։
«Պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, պայքարել ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի համար, հակամարտությունը կարգավորել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով հանուն փրկության սկզբունքով։
Երեկ պարոն Շոլցի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ պաշտպանում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ ողջունելի է պարոն Շոլցի կողմից, և շնորհակալություն ենք հայտնում։ Բայց շատ տարօրինակ է, որ դուք լինելով Հայաստանի վարչապետ՝ խոսեցիք Արցախի իրավունքների մասին, այստեղ կա հակասություն ձեր նախընտրական ծրագրի և այն հայտարարությունների միջև, որոնք անում եք, քանի որ ձեր թիմը միշտ խոսում է իրավունքների մասին, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
Այստեղ դուք նաև հայտարարեցիք Արևմուտքի և որոշ երկրների ճնշումների մասին, որ նշաձողը պետք է իջեցվի, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ Գերմանիայի կողմից նման պահանջ չի եղել, նաև Ֆրանսիայի Սենատի բանաձևի մեջ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին։ Սա կարևորագույն սկզբունքներից է, որը պետք է պաշտպանվի։
Դուք, արդեն 5 տարի է՝ կառավարում եք, և մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, վերջին տարիներին մենք ունենք կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային։ Դուք հայտարարեցիք, որ համար մեկ պատասխանատուն եք, հետո հայտարարեցիք, որ նաև մեղավորն եք, իսկ դրանից հետո պատրաստակամ եղաք նորից գնալ ընտրության։ Ցավոք, պատերազմից հետո մենք նորից ունենք կորուստներ, այս ամենը մինչև ե՞րբ պետք է շարունակվի, մարդկային ձևով ասեմ՝ դուք չե՞ք տեսնում, որ չի ստացվում, Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առջև։ Չե՞ք ուզում պատասխանատվություն վերցնեք և դիմեք այդ քայլին»,- ուղիղ հարց տվեց Սամվել Լուլուկյանը։
Նիկոլ Փաշինյանը մինչև պատասխանելը, նախ ճշտող հարց ինքը տվեց, թե ի՞նչ քայլի մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Սամվել Լուլուկյանը պարզաբանեց, թե Հայաստանում խնդիրները շարունակ խորանում են ու ավելանում՝ փաստ է, որ այդ ամենը եղել է Փաշինյանի կառավարման ժամանակ։
«Այն, որ ես այսօր ձեր դիմաց նստած եմ, դա նշանակում է, որ ես կրում եմ պատասխանատվությունը, և այն, ինչ հիմա ես անում եմ՝ պատասխանատվության արտահայտություն է։ Այն, ինչ դուք ասում եք և ձեր թվարկած դետալների մեջ, իրականում, որևէ հակասություն չկա, խնդիրն այն է, թե մենք ինչ հերթականությամբ պետք է այդ ամենը դասավորենք։ Այո, ես համաձայն եմ, շատ դեպքերում հնչել են պոզիտիվ հայտարարություններ, և հույս ունեմ՝ կշարունակեն հնչել նման հայտարարություններ, մենք պետք է գնահատեք, թե դրանք ինչ են նշանակում գործնականում և ինչ են նախկինում նշանակել գործնականում, այսօր և վաղն ինչ են նշանակելու գործնականում»,- հարցին փորձեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Ապա շարունակեց պարզաբանել, թե այդ պատասխանատվությունից է գալիս նաև, որ պատասխանատու իշխանությունը պետք է ի վիճակի լինի գնահատել իրադրությունները, այդ թվում՝ փոփոխվող իրադրությունները, և քաղաքականությունների մեջ շտկումներ անել ըստ իրադարձությունների։
«Եթե մենք հիմա ձև անենք, թե ապրում ենք նույն աշխարհում, որում ապրում էինք 1 տարի 20 օր առաջ, ինքներս մեզ խաբած կլինենք։ Եվ եթե մենք ասենք, թե անկախ նրանից՝ ինչ է փոխվել աշխարհում, մենք, կներեք արտահայտությանս համար՝ մեր ձին ենք քշելու։ Կարող ենք դա անել, այս կետի շուրջ է, որ գալիս է իրական պատասխանատվությունը։
Շատ լավ, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, և դա, կարծում եմ՝ այսօր ամենակարևորն է, որովհետև այսօր իրավունքի և անվտանգության պաշտպանությունը մեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ամենակարևորն է։ Համարում եմ, որ այն քաղաքականությունը, որը մենք այսօր վարում ենք, դա ճիշտ քաղաքականություն է, և այն պոզիտիվ արտահայտությունները, որոնք մենք կարող ենք տեսնել, այդ թվում՝ այդ քաղաքականության արդյունք է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ խորհրդարանում ընդդիմադիրներն էլ են իրեն հարցրել, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ։
«Բայց կներեք, Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան հրաժարական չի տվել, որքան ես։ Հո ես չե՞մ կարող ամեն շաբաթ հրաժարական տամ։ Տվել եմ հրաժարական, արտահերթ ընտրություններ են եղել։ Եթե ես իմ պատասխանատվությունը թողնեմ, ասեմ՝ վերջ, ժողովուրդ ջան, այս պահին ես էլ պատասխանատու չեմ, դրանից հետո ի՞նչ է լինելու, դրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է, էլի իմ վրա է։ Եվ ես իմ առաքելությունը տեսնում եմ նրա մեջ, որ Հայաստանը լինի խաղաղ, զարգացած պետություն տարածաշրջանում։ Այն, որ շատ բան վատ է, այնքան ակնհայտ փաստ է, որ հերքել հնարավոր չէ»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում