Հայաստանը կանգնած է պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի առաջ

Հայաստանը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Կան կասկածներ, որ արտաքին առևտրի շրջանառությունների այն կտրուկ աճերը, որոնք արձանագրվում են որոշ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, պայմանավորված են պատժամիջոցները շրջանցելու միջոցով վերարտահանումներ իրականացնելով։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Եվրամիությունը և նրա դաշնակիցները հետաքննություն են իրականացնում՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման այդպիսի կտրուկ աճերը։

Եվրամիության պատժամիջոցների նորանշանակ ներկայացուցիչը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ առևտրի զգալի աճը հարցեր է առաջացնում։ Հարցերը վերաբերում են նրան, թե արդյո՞ք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներն այլ երկրների միջոցով չեն մտնում Ռուսաստան, ինչն էլ հանգեցրել է ռուսական շուկայում այդ երկրների արտահանման այդպիսի կտրուկ աճերին։

Նման կասկածներ Եվրամիության պաշտոնյաների մոտ առաջացել են այն բանից հետո, երբ ԵՄ-ից և այլ երկրներից դեպի Ռուսաստան առևտրային հոսքերը զանգվածաբար կրճատվել են, փոխարենը՝ որոշ երկրներից առևտրի անսովոր աճեր են արձանագրվում։ Այդ աճերը նկատելի են եղել հատկապես Ռուսաստանին մոտ գտնվող մի շարք երկրների պարագայում։

Այդ երկրների թվում դիտարկվում է նաև Հայաստանը։

Պատժամիջոցների սահմանումից հետո Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից արտահանումները դեպի Ռուսաստան ավելի քան կիսով չափ կրճատվել են։ Բայց դա համընկել է Եվրոպայից ու ԱՄՆ-ից դեպի Հայաստան ներմուծումների կտրուկ աճի հետ։ Զուգահեռ կրկնապատկվել են արտահանումները դեպի Ռուսաստան։

Այս հանգամանքն էլ կասկածներ է առաջացրել, որ պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները, որոնց ուղղակի մատակարարումը դեպի Ռուսաստան դադարեցված է, այլ ճանապարհներով են մտնում ռուսական շուկա։

Թե ինչքանո՞վ կհիմնավորվեն այդ կասկածները, ցույց կտան հետաքննության արդյունքները։

Փաստն այն է, որ ինչպես մի շարք այլ երկրների, այնպես էլ Հայաստանի պարագայում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո նկատելի է եղել արտաքին առևտրի շրջանառությունների կտրուկ ավելացում։ Այնպես չէ, որ մինչև այդ ընդհանրապես աճ չկար և միայն դրանից հետո է արձանագրվել։ Պարզապես պատժամիջոցների կիրառումից հետո աճի տեմպն անհամեմատ մեծացել է։

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի արտաքին առևտուրը շուրջ 70 տոկոսով ավելացավ։

Դա արտահայտվեց՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման կտրուկ ավելացմամբ։

Արտահանումն աճեց՝ գրեթե 78, իսկ ներմուծումը՝ ավելի քան 63 տոկոսով։

Միայն ներքին սպառման համար ներմուծման այսպիսի աճերն անշուշտ հավատ չեն ներշնչում։ Այստեղից էլ առաջացել են այն կասկածները, որ դրանք եղել են ոչ ներքին շուկայի ու տնտեսության հաշվին։

Առանձին երկրներից ներմուծումներն ունեցել են չափազանց կտրուկ բնույթ։

Մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից անցած տարի 3,1 անգամ ավելի շատ ապրանք է բերվել Հայաստան։

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա 125 միլիոնից ներմուծումը ԱՄՆ-ից հասել է 386 մլն դոլարի։

Ճապոնիայից ներմուծումն ավելացել է 3,5 անգամով, Միացյալ Թագավորությունից՝ 2,3 անգամով, Կանադայից՝ 2,1 անգամով, Կորեայից՝ 2 անգամով, Շվեդիայից՝ 2 անգամով, Իսպանիայից՝ 2,2 անգամով, Հունաստանից՝ 3,7 անգամով, և այլն։

Ներմուծման այսպիսի աճերը աչք են ծակում։ Հատկապես որ, դրանք ուղեկցվել են որոշ ուղղություններով արտահանումների նույնքան բարձր կամ նույնիսկ ավելի բարձր աճերով։

Աճը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում։ Հայաստանից արտահանումը Ռուսաստան գրեթե եռապատկվել է։

Եթե 2021թ. այն կազմել էր 840 մլն դոլար, ապա անցած տարի գերազանցեց 2,4 միլիարդը։

Որքան էլ համարենք, որ Արևմուտքի և Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում կարող էին նոր հնարավորություններ բացվել ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար, քիչ հավանական է, որ միայն այդ գործոնով պայմանավորված՝ կարող էին այդպիսի կտրուկ փոփոխություններ լինել։

Նման կարճ ժամանակահատվածում անհնարին է ներքին տնտեսության մեջ արտահանման նման պոտենցիալի ձևավորումը։ Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման այդպիսի աճերը պայմանավորված են առաջին հերթին տարբեր ապրանքների վերարտահանումներով։

Այդ ապրանքների մի մասը կարող էին ներկրված լինել Եվրամիության երկրներից կամ Միացյալ Նահանգներից։ Այլ հարց, դրանք առնչվե՞լ են պատժամիջոցներին, թե՞ ոչ։

Ամբողջ խնդիրը սրանում է։ Այլապես, վերարտահանումներն իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Ընդհակառակը, որոշակի եկամուտներ են ապահովում՝ ինչպես այդ ապրանքների տեղաշարժով զբաղվողների, այնպես էլ՝ պետության համար։

Նման իրավիճակ մենք ունեցել ենք դեռևս 2019թ., երբ մաքսասակագնային արտոնյալ ռեժիմներով պայմանավորված՝ Հայաստանը վերածվել էր տրանսպորտային միջոցներ մատակարարող երկրի։ Տասնյակ հազարավոր մեքենաներ այլ երկրներից ներմուծվեցին ու վերարտահանվեցին ԵԱՏՄ երկրներ։

Բացի այսպիսի մասնակի օգուտներից՝ վերարտահանումները, ինչպես տեսանք հատկապես անցած տարի, մեծապես նպաստում են թե՛ արտաքին առևտրի, և թե՛ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ունենալուն՝ կարևոր չէ, որ դրանք առնչություն չունեն ներքին տնտեսության հետ։

Օգտվելով պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայում բացված ազատ տեղերից՝ անշուշտ, գործարար աշխարհը կարող էր իրեն թույլ տալ կազմակերպել տարբեր ապրանքների վերարտահանումներ ռուսական շուկա։ Խնդիրն այստեղ բոլորովին էլ նրանց հետ չի կապված։ Խնդիրն իշխանությունների դաշտում է, որոնք պարտավոր էին այնպես անել, որ վերարտահանումները չառնչվեին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներին, որպեսզի հիմա էլ Հայաստանը չհայտնվեր այսպիսի վտանգի առաջ։

Նման ռիսկեր կան, ու դրանք կարող են իրականանալ, եթե պարզվի, որ Հայաստանը շրջանցել է Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները և հետնամուտքով ապրանքներ է մատակարարել ռուսական շուկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս