174 մլն դոլար արժեքով ծրագրի 15 %-ի բաժնետեր ANIF-ը համայնքի հողերը տնօրինում է՝ առանց ֆինանսական հատուցման

Լոնդոնից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արմեն Սարգսյանն իր այդ որոշումից օրեր առաջ այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, հանդիպել «Մասդար» ընկերության հետ և պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում իրականացնել ներդրումային ծրագիր Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում։

Աբու Դաբիում Արմեն Սարգսյանի սանիկ և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF)-ի տնօրեն Դավիթ Փափազյանի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎՏ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ։

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է «Մասդար Արմենիայի» ներկայացրած «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագիրը, արդյունքում՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքին պատկանող 169.8614 հա մակերեսով հողամասը նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետությանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Դրանից հետո այդ հողամասը տրվելու է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF)-ին՝ առանց ֆինանսական հատուցման, այսինքն՝ համայնքին պատկանող հողատարածքը հանձնվելու է բիզնես ծրագիր իրականացնելու համար, բայց համայնքի բյուջե գումար չի մտնելու։

Նշենք, որ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է 174 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր. այդ նպատակով ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, իսկ 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին, որը համայնքային հողերն օգտագործում է՝ առանց դրա դիմաց համայնքի բյուջե գումար վճարելու. Հայաստանի Կառավարությունը համայնքի հողերը հանձնել է ANIF-ին, որը 174 միլիոն դոլարանոց բիզնես ծրագրի 15 տոկոսի փայատերն է, բայց Թալին համայնքում առաջնային համարվող խնդիրների լուծման համար պետական բյուջեից է 350 միլիոն դրամ հատկացվել Թալինում առկա խնդիրների լուծման համար։

Տեսանյութեր

Լրահոս