Բլինքենը Կենտրոնական Ասիայում անում է այն, ինչ փորձում է անել Հարավային Կովկասում. Վիկտոր Նադեին-Ռաևսկի
Ուկրաինայում շուրջ մեկ տարի շարունակվող պատերազմի ֆոնին Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգներն էականորեն փոխել է, ակտիվացրել իր քաղաքականությունը Ռուսաստանի ազդեցության գոտիներում: Դրանցից մեկը մեր տարածաշրջանն է՝ Հարավային Կովկասը, մյուսներից՝ նաև Կենտրոնական Ասիան: Օրերս՝ փետրվարի 28-ին, առաջին անգամ Ղազախստան այցելեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, դրան հաջորդեց նրա այցը Ուզբեկստան կրկին առաջին անգամ, իսկ այսօր՝ նաև Հնդկաստան:
Բլինքենն Աստանայում Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հետ մասնակցել էր С5+1 ձևաչափով հանդիպմանը, քննարկել ահաբեկչության դեմ պայքարի և պարենային անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, «C5+1» փոխգործակցության նոր ձևաչափ հաստատեցին 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար:
ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի արտգործնախարարները Սամարկանդում հանդիպման ժամանակ գործընկերության և համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր էին ընդունել։ Ըստ արևմտյան մամուլի, Արևմուտքը նաև գնահատում է Կենտրոնական Ասիայի երկրների զգուշավորությունը ուկրաինական պատերազմի հարցում, հատկապես գնահատվում է այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք գտնվում են Ռուսաստանից էական կախվածության մեջ, չաջակցեցին ՌԴ քաղաքականությանն Ուկրաինայում: Ինքը՝ Բլինքենը, նշել էր, որ իր այցն ուղղված է նրան, որպեսզի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հնարավորինս շրջանցեն ԱՄՆ գործընկերներին Կենտրոնական Ասիայում:
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ «C5+1» ձևաչափը հիմնադրվել է 2015 թվականին, սակայն Միացյալ Նահանգներն այդ մասին սկսեց ակտիվորեն խոսել 2021 թվականից Բայդենի աշխատակազմի գործունեությունից սկսած:
Ըստ նրա, Կենտրոնական Ասիայի նշանակությունը Միացյալ Նահանգների համար չի կարելի թերագանահատել, այն կարևոր է և Ռուսաստանի, և Չինաստանի ազդեցության տեսանկյունից, ում դեմ պայքարում է Միացյալ Նահանգները:
«Եթե ԱՄՆ-ին հաջողվի որոշակի հաջողություններ գրանցել Կենտրոնական Ասիայում, ապա դա կլինի Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության հաշվին: Երկու պարագան էլ գոհացուցիչ է Նահանգների համար: Այս ամենը շատ ավելի վաղ է սկսվել, որոնց հանգրվաններից մեկն այն էր, ինչ տեղի ունեցան նախորդ տարվա սկզբին Ղազախստանում: Բնականաբար, այս երկրների չեզոքությունը հավելյալ ոգևորում է Արևմուտքին, սակայն այստեղ գլխավորը, ինչ կարող է լինել, ՌԴ ազդեցության թուլացումն է և թյուրքական ազդեցության խորացումը, որը արդեն իսկ ինչ-որ մակարդակով տեղի է ունեցել, քանի որ թյուրքական գործոնը վաղուց է ներթափանցել և համակարգված աշխատանք է ընթացել այդ ուղղությամբ: Ես այդ մասին մշտապես խոսել եմ, և սա համընկնում է Արևմուտքի շահերի հետ, քանի որ գլխավորը ՌԴ հետխորհրդային ժառանգությունն է: Նույնը այլ մոդելով տեղի է ունենում Հարավային Կովկասում:
Կենտրոնական Ասիան շատ ավելի ռազմավարական ու մեծ ռեգիոն է, Հարավային Կովկասը՝ ավելի փոքր, որում ամենակարևորը հակամարտություններն են և հանգամանքը, որ ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությամբ կարողացել է լինել այս ռեգիոնի հարցերի համակարգողը: Եվ այս դեպքում էլ պայքարն այդ համակարգողի գործառույթների դեմ է, նրա դեմ, որպեսզի այլևս նման թեմա չլինի:
Այսինքն՝ ըստ ռեգիոնի առանձնահատկությունների՝ դրված խնդիրները տարբեր են, սակայն աշխարհաքաղաքական նպատակը՝ մեկը: Հարավային Կովկասի դեպքում կա ևս մեկ գործոն, դա իրանական գործոնն է, որի դեմ էլ գործի է դրվել Ադրբեջանը»,- ասաց ռուս արևելագետը:
Ըստ նրա, Հարավային Կովկասի դեպքում էլ Բլինքենը գուցե այցեր չի կատարում, սակայն վերահսկում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան բանակցությունների նկատմամբ է մեծ ուշադրություն: «Այստեղ կարևորը առանձին երկրներ այցերը չեն, այլ կարգավորումները, որոնք ըստ արևմտյան տեսության՝ անպետք կդարձնեն ՀՀ-ում ռուսական ռազմաբազան, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը, որի հարցը կդրվի Ադրբեջանի կողմից: Իսկ մինչ այս ամենը Ռուսաստանը կենտրոնացած է իր ազգային հարցերը լուծելու վրա, մեկ հարց, որը լուծելու դեպքում կլուծվեն մնացած բոլոր հարցերը, սա է առանցքային մոտիվը»,- ասաց նա:
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ դա ԱՄՆ-ի կողմից տեղին նախաձեռնություն էր: Ըստ նրա, Արևմուտքը փորձում է ժամանակ չկորցնել: «ԱՄՆ-ը դուրս եկավ Աֆղանստանից, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այս ռեգիոնի նշանակությունը թուլացել է ԱՄՆ-ի համար, ավելին, ռեգիոնն Ուկրաինայում պատերազմի պայմաններում ավելի է կարևորվել և հատկապես այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայի երկրները հեռավորություն սկսեցին պահպանել Ռուսաստանից, իսկ Ղազախստանը նույնիսկ հրապարակային հայտարարություններ արեց, որոնք կարող էին նույնիսկ դուր չգալ Ռուսաստանին: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այս այցը ներկայումս ռազմավարական ինչ-որ բան է փոխելու, սակայն այն ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության աշխարհագրությունը, ինչպես նաև այս երկրներին վստահություն տալիս, որ այդ դիրքավորումը նոր ձևավորվող աշխարհակարգում ճիշտ է»,- ասաց նա: