Մոսկվան Բրյուսելից առաջ է ընկնում. Ինչպես կարող են խառնվել բանակցային խաղաքարտերը

Հարավային Կովկասում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախյան հիմնահարցի շուրջ գլոբալ՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումն անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում:

Եվ չնայած օրերս Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին համառորեն իր միջնորդական ծառայությունները չի առաջարկում, երևում է, որ ՌԴ-ն նոր մարտավարության է անցել Հարավային Կովկասում, որում ՌԴ-ի ծառայությունները մերժող պաշտոնական Երևանի դերակատարությունը մինիմալի է հասցված:

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա երկրորդ կեսին Արևմուտքի և մասնավորապես Վաշինգտոնի հովանու ներքո ձեռք բերված բարձրաստիճան պայմանավորվածությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ պետք է ստեղծվեր: Հայաստանյան հանրությանը սրա մասին հայտնի դարձավ նաև 2022 թ. հոկտեմբերի 10-ին, երբ «SIL0VIKI» տելեգրամյան հարթակը տեղադրեց փաստաթուղթ, որը կազմվել էր ԱՄՆ Պետքարտուղարության կողմից և որը քննարկվել էր սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը: Ըստ տելեգրամյան ալիքի՝ հենց այդ փաստաթուղթն էր եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի միջև հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քննարկումների առանցքային թեման։ Այդ փաստաթղթի 3-րդ կետում ասվում էր. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի ԼՂ-ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը իրենց քննարկումների վերաբերյալ: Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու ԼՂ-ում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ»:

Այդ փուլում խոսքը հատկապես Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը հաջորդած ժամանակաշրջանի մասին է, Ադրբեջանն ըստ էության չհամաձայնեց նման մեխանիզմ գործարկել՝ հատկապես դրա միջազգային բաղադրիչի պատճառով, թեև նույնիսկ հստակեցված չէր, թե ինչ ասել է երկխոսության միջազգային մեխանիզմ: Ադրբեջանը, ինչպես հայտնի է, համարում է, որ Արցախի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներն են, ու Ադրբեջանն իր քաղաքացիների հետ պետք է խոսի առանց միջազգային որևէ ներկայության: Այնուամենայնիվ, նման մեխանիզմ գործարկելու հարցը դուրս չի եկել բանակցային օրակարգից, որը վերսկսվել է և նոր թափով ընթանալու է Արևմուտքի, մասնավորապես՝ Բրյուսելի հովանու ներքո:

Այստեղ հարկ է հիշեցնել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի օրեր առաջ արած հայտարարությունը, որ Բլինքենի միջնորդությամբ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո հանդիպում է տեղի ունենալու Բրյուսելում: Ուստի պետք է սպասել, որ բանակցային արևմտյան հարթակում դրվելու կամ վերաթարմացվելու է Արցախ-Ադրբեջան քննարկումների ինչ-որ ձևաչափ ստեղծելու հարցը: Ի դեպ, այստեղ ուշագրավ է նաև հիշեցնել օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած սկանդալային փաստաթուղթը, որի 3-րդ դրույթում նշվում էր. «Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցությունների մեկնարկ: Բաքուն անհապաղ կերպով կմեկնարկի կառուցվածքային երկխոսությունը Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքների և անվտանգության մասին փոխադարձ ընկալումը: ԵՄ-ն հասանելի է խորհրդատվություն տրամադրել»:
Ի դեպ, ձևակերպումները լիովին ադրբեջանամետ են:

Եվ մինչ բանակցությունները լիովին տեղափոխվում են Արևմուտք և սպասվում է բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում, փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ դրան նախորդող օրը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Նշենք, որ դա պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հաջորդ օրն էր: Մարտի 1-ին ևս հաղորդվեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են:

Ռուսական խաղաղապահության տարածած հաղորդագրության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է «Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը», ինչպես նաև քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ «Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման մասին հաղորդել էր նաև ադրբեջանական կողմը՝ հաղորդելով, որ «Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը», որն էլ բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովի և այլ պաշտոնյաների հետ մասնակցել է այսօրվա հանդիպմանը։

Նույն աղբյուրների համաձայն, այս շփումները շարունակական են լինելու: Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանն է: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնիսկ հուսադրող էր անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը: Այսինքն՝ Արցախ-Ադրբեջան բանակցային ձևաչափը մեկնարկում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ: Սրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ջերմության» նոր փուլ է մեկնարկել, որի ականատեսը դարձանք օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում։

Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, թե Բաքուն պատրաստ է կառուցողական աշխատել ռուսական կողմի հետ՝ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կարգավորելու գործում, ինչպես նաև ակնկալում է, որ 2023թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ճեղքման տարի կլինի: Լավրովը պատասխան խոսքում ընդգծել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարաբերություններն ապագայում ևս կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

Ի դեպ, Լավրովը ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին այս այցի ընթացքում ընդգծեց բազմաթիվ անգամներ, ըստ էության ցույց տալով, որ Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության ճարտարապետությունում ռուս-ադրբեջանական հարաբերությունները լիովին նոր մակարդակ են սկսում ձեռք բերել, որոնց հիմքերը գցվեցին նախորդ տարի փետրվարին ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների հաստատած հռչակագրով:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ մի իրավիճակում, երբ Հայաստանը խաղադրույքներ է անում Արևմուտքի՝ ԵՄ-ի վրա, մերժելով ՀԱՊԿ-ին և դիմավորելով ԵՄ դիտորդներին, Մոսկվան իր հերթին՝ սերտացնում է համագործակցությունը Բաքվի հետ՝ առավելապես խաղադրույքներ անելով Բաքվի վրա: Ըստ նրա, սա նորություն է ՌԴ անդրկովկասյան քաղաքականության շրջանում, որը պայմանավորված է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում ռեգիոնում, և որոնց ՌԴ-ն պետք է ինչ-որ կերպ արձագանքեր՝ փորձելով պահպանել իր դիրքերը:

«Ինչպես տեսանք Բաքու այցի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց կողմերի ինքնիշխան ընտրությունը միջնորդի ընտրության հարցում: Սրանում դրսևորվեց մեր դիվանագիտության հանգստությունը, որը կարծես հիմքեր ունի, քանի որ կան քայլեր, որոնք արվելու են, կամ Արևմուտքում բանակցային գործընթացը ՌԴ-ի համար կանխատեսելի ընթացք կարող է ունենալ: Ռուսական նոր մարտավարության տիրույթում, թերևս, պետք է ընկալել նաև խաղաղապահների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկումները: Եվ ստացվում է, որ առանց Երևանի ևս Մոսկվան իր քաղաքականությունն իրականացնում է»,- նշեց վերլուծաբանը:

Նա նկատեց, որ իր ադրբեջանական այցի ընթացքում Լավրովը հնարավորինս քիչ անդրադարձավ հայաստանյան թեմատիկային՝ փորձելով շեշտը դնել ռուս-ադրբեջանական նոր մակարդակի հարաբերությունների վրա՝ դրանք որակելով դաշնակցային-ռազմավարական: Նրա խոսքով, այս այցի կարևորությունը հենց դա էր՝ ամրագրել ռուս-ադրբեջանական նոր որակի հարաբերությունները: «Բնականաբար, կուլիսներում շատ հարցեր են քննարկվել, որոնք շրջանառության մեջ կդրվեն ժամանակի ընթացքում»,- ասաց նա:

Նման իրավիճակում, ըստ փորձագետի՝ չափազանց բարդ է ասել, թե ՀՀ-Ադրբեջան բանակցությունները Շ.Միշելի հովանու ներքո ինչպես կանցնեն, եթե բանակցային որոշ բաղադրիչներ անցնեն ՌԴ հովանու ներքո և որոշներն էլ մնան Արևմուտքի համակարգման ներքո: «Սա շատ բարդ իրավիճակ է ստեղծելու, թեև չի բացառվում, որ ամեն բան շատ ավելի հեշտ ընթացք ունենա»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս