Առանց նախագծողի երաշխավորագրի տեղադրված խաչքարերը կհամարվեն ինքնակամ կառույցներ և կապամոնտաժվեն
Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց Կառավարության 2015 թվականի 596-Ն որոշման մեջ լրացում կատարել, որը վերաբերում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման, տեղադրման հարցերին:
Ղուլարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող՝ 596-Ն որոշման մեջ հստակեցված չէ այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները:
«Դրա հետևանքով ՀՀ ողջ տարածքում առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում՝ խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ՝ քաղաքաշինական գեղագիտական և անվտանգային կանոնները:
Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող Կառավարության 2015 թվականի 596-Ն որոշման մեջ կատարել լրացում և այդ ճարտարապետական փոքր ձևերի համար, ինչպիսիք են՝ հուշաքարերը, հուշաղբյուրները, խաչերը, խաչքարերը և այլն, սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացակարգը:
Եվ այսպես, 596-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման իրականացման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ՝ 2-րդ կատեգորիա, որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիր:
Կանոնակարգվում են աշխատանքները և ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանվող պահանջները և ընթացակարգերը:
Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգ, քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, այդ թվում՝ միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար՝ 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում: Հատուկ նշանակության և հատուկ պահպանման հողերում, ինչպես նաև բնության մեջ, երբ տեղադրվող, կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասաց, որ համապատասխան ընթացկարգեր չանցած օբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պահանջները.
«Դրանք հանդիսանալու են որպես ինքնակամ կառույցներ և դրանց նկատմամբ գործելու է ինքնակամ շինությունների հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական պահանջները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում