ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրության համաձայնագրի նախագիծը
ԱՊՀ կենտրոնակայանում փետրվարի 28-ին կայացել է աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության հարցերում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրի նախագծի լրամշակման և համաձայնեցման փորձագիտական խմբի լրացուցիչ նիստը:
Այդ մասին տեղեկանում ենք ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունից: Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը որպես դիտորդներ մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Քննարկելով մի շարք երկրներից ստացված դիտողություններն ու առաջարկությունները՝ փորձագետները լրամշակել և ձայների մեծամասնությամբ համաձայնեցրել են փաստաթուղթը։
Ըստ հաղորդագրության՝ որոշվել է սահմանված կարգով Համաձայնագրի նախագիծը ներկայացնել ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Համագործակցության հարթակում ընթացիկ ժամանակահատվածում աշխատանքային միգրանտներին բժշկական օգնության տրամադրման հարցերն առանձնացված չեն և կարգավորվում են միջազգային պայմանագրերով, որոնք վերաբերում են միայն շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տրամադրմանը:
Դրա հետ մեկտեղ աշխատանքային միգրանտները, հատկապես նրանք, ովքեր չունեն որակավորում, հաճախ աշխատում են սահմանափակ սոցիալական պաշտպանվածությամբ և առողջապահական և այլ սոցիալական ծառայությունների սահմանափակ հասանելիություն ունեն: Այս հանգամանքներն Էլ դրդեցին մշակելու աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների առողջության ապահովագրության հարցերում Համագործակցության Համաձայնագրի նախագիծը, պարզաբանել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում: