
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը շատ կարևոր է մեզ համար». Վիգեն Խաչատրյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը մեծ պատվով է ներկայանալու:
«Այս տարվա ուսումնամարզական հավաքը սկսել ենք դեռևս հունվար ամսին: Պատանիները, երիտասարդները և մեծահասակները միասին են մարզվում: Պատանիները կմասնակցեն Ալբանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնակցի երեք մարզիկ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մասնագետը:
Խաչատրյանն առանձնացրեց, որ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իսկապես բացառիկ իրադարձություն է, որին հայկական ծանրամարտի ներկայացուցիչները շատ են սպասել:
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը շատ կարևոր է մեզ համար` մարզիչներիս, ծանրորդների և մարզասերների: Իրոք մեծ տոն է լինելու: Մենք մեծ պատվով և հյուրընկալությամբ ենք անցկացնելու Եվրոպայի առաջնությունը»,-շեշտեց մասնագետը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ապրիլի 15-23-ը: