Արցախի նախագահը ներկայացրել է նորանշանակ պետնախարարին և հայտնել, թե որ կառույցներն են գործելու նրա համակարգման տակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ երկրի ղեկավարը նշել է, որ, չնայած վերջին 80 օրերի ընթացքում Արցախի ժողովուրդը ամեն օր կրում է սոցիալական, տնտեսական հսկայական վնասներ, ունենում է հոգեբանական ծանր ապրումներ, նա ամեն օր ցուցաբերում է դրանք անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից նահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր միջոցները սոցիալ-տնտեսական բեռի թեթևացման և ուս-ուսի առկա մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Այս կապակցությամբ նախագահը հանձնարարել է նոր պետնախարարին առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը: Դրան զուգահեռ երկրի ղեկավարը հանձնարարել է հետևողական ու արագ կերպով ջանքեր գործադրել տնտեսության ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրությունը դարձնելով պարենի արտադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս