ՀՀ-ից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալի թռիչքային աճ է գրանցվել

Արդեն մեկ տարի է Հայաստանում էներգետիկ շուկան ազատականցվել է: Արդյունքում փուլ առ փուլ տարբեր հարթություններում վերանում է մենաշնորհը, շուկայում հայտնվում են նոր վաճառողներ, ավելանում է մրցակցությունը, որը բերում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Շուկան ունակ է դառնում նոր ներդրումներ կլանելու, նոր մոտեցումը նպաստելու է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մյուս կողմից, ընդլայնվում են սպառողի իրավունքները: Սպառողները կարող են ազատ ընտրությամբ գնել էլեկտրաէներգիա շուկայում գործող մատակարարներից: Մատակարար ընկերությունները կարող են էլեկտրաներգիա վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ էներգետիկ շուկայի ազատականացման մեկնարկից ի վեր սպասվածից ավելի ակտիվություն է գրանցվել:

«Պատկերը ներկայում այսպիսին է: Մենք ունենք շուկայում գործող 4 մատակարար ընկերություն, 6 մեծածախ առևտուր կատարող ընկերություն, ունենք 19 որակավորված սպառողներ, որոնք ինքնուրույն են շուկայում հանդես գալիս և էլեկտրաէներգիա գնում: Ունենք նաև 48 փոքր հիդրոկայաններ, որոնք դուրս են եկել ազատ շուկա և իրենց արտադրանքը վաճառում են ազատ շուկայի հատվածներում»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:

Հարցին, թե այս փուլում ո՞ր սպառողները կարող են օգտվել ազատականցված շուկայի հնարավորություններից, Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ այս փուլում՝ մինչև 2025 թվականը, առաջնային նպատակը մեծածախ շուկան կայացնելն է: Այսինքն՝ շուկա դուրս գան արդյունաբերական հիմնարկ-ձեռնարկությունները, կայանա մատակարարների ինստիտուտը: Նոր դրանից հետո արդեն սպառողների շրջանակը կընդլայնվի:

Մասնագետի խոսքով՝ նախորդ տարի, երբ շուկայի ազատականացումը գործնականում մեկնարկում էր, կանխատեսումներն այնպիսին էին, որ առաքված էլեկտրաէներգիայի 3-5 տոկոսը վաճառվի շուկայի մրցակցային հատվածներում, մինչդեռ արդեն 2022 թվականի տարեվերջին այդ ցուցանիշը հասավ 13-14 տոկոսի: Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծեց, որ թե սպառողները, թե մատակարարներն այս կամ այն չափով շուկայում մասնակցություն են ունենում կամավորության սկզբունքով: Նույնիսկ այդ պարագայում ակտիվության տեսանկյունից գոհացուցիչ ցուցանիշներ են գրանցվել:

Նախորդ տարի դեպի Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցել է վերջին 10 տարիների գումարային ցուցանիշին: 2022 թվականին Հայաստանից դեպի Վրաստան 328 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա է արտահանվել: Սա, ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, պայմանավորված է շուկայում առկա նոր մոտեցումներով, մասնավոր հատվածի ակտիվությամբ:

Տեսանյութեր

Լրահոս