
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանի հյուսիսում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Շուրջ 85 մարդ վիրավորվել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ կեսգիշերից քիչ առաջ Տեմպե քաղաքի մերձակայքում՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու: Բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, առնվազն 3 վագոնում հրդեհ է բռնկվել: Փրկարարները մինչև լուսաբաց փորձել են գտնել ողջ մնացածներին, իսկ առավոտյան արդեն գործի է դրվել ծանր տեխնիկա:
Ըստ իշխանությունների՝ Աթենք-Սալոնիկ գնացքի ուղևորները հիմնականում համալսարանի ուսանողներ էին, որոնք արձակուրդից տուն էին վերադառնում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի ուշ մեկնելու է դեպքի վայր:
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: