
Եզակի արծաթե գոտու բեկորներ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքից

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորները եզակի գտածոներից են:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան:
«Այդ հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչի` առյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին` գլուխն առաջ հակած, աչքը` նշաձև, երախը` բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա): Իսկ ահա գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում: