Դատախազները կստանան պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով ամսական հավելում

Հայաստանում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով:

«Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:

«Դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով: Դատախազների վարձատրությունն ավելացնելու մոտեցումը առաջ է քաշվել ՝ նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ, որոնց թվին դասվում են քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը: Դա պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքով»,-ասաց Բալյանը:

Որպես գործոն նա նշեց նաև քրեական գործերի քանակի շարունակական աճը, որի պայմաններում դատարանի անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը: Ըստ փոխնախարարի՝ ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից:

Դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգում մինչև 2024 թվականի ավարտը ատեստավորումը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար՝ զբաղեցրած պաշտոնին, դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

Փոխնախարարը նշեց, որ դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային բարդություններով պայմանավորված ու մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի ապրիլի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս