Բաժիններ՝

ՌԴ մուտքի արգելք ունեցողների թվի աճի պատճառ կարող է լինել անտեղյակությունը

ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն ուղիղ ազդեցություն է ունենում ՀՀ-ից միգրացիոն հոսքերի վրա: 2021թ. դեկտեմբերի 29-ին ՌԴ-ում ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխությունների արդյունքում մեծացել է մուտքի արգելք ունեցողների թիվը: Թվի աճը պայմանավորված է նաև անիրազեկվածությամբ:

Այս մասին Գյումրիի Երկխոսությունների մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել են «Հայկական Կարիտաս»-ի փորձագետը և Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահը։

Ռուսասատանում գործում են միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց աշխատանքային միգրանտների համար սահմանվում են պարտադիր կանոններ, որոնք խախտելու դեպքում նրանց նկատմամբ կարող է կիրառվել մուտքի արգելք։ «ՌԴ աշխատանքի նպատակով մեկնող մեր երկրի քաղաքացիները պարտավոր են 30- օրյա ժամկետում միգրացիոն հաշվառում անցնել, այնուհետև անցնել բուժզննում և հանձնել մատնահետք։ Միայն դրանից հետո նրանք կարող են օրինական գտնվել ՌԴ-ում։ Եթե 30 օրվա ընթացքում չեն հանձնում մատնահետք և չեն անցնում բուժզննություն, ապա նրանց միգրացիոն հաշվառումը չեղարկվում է, և որքան երկար է մարդն առանց միգրացիոն հաշվառման գտնվում ՌԴ-ում, այնքան երկար է տևելու նրա մուտքի արգելքի ժամկետը՝ 3-10 տարի ժամկետով»,- նշել է «Հայկական Կարիտաս»-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, նշելով, որ ՌԴ աշխատելու մեկնող հայ միգրանտների մեծ մասն այս փոփոխությանն անտեղյակ է։ Ըստ փորձագետի՝ հաճախ աշխատանքային միգրանտները միգրացիոն հաշվառումն անցնում են, իսկ հետո սահմանված ժամկետում պարտադիր բուժզննություն չեն անցնում ու մատնահետք չեն թողնում, ինչը համարվում է խախտում, որի հետևանքը լինում է միգրացիոն հաշվառման կասեցումն ու մուտքի արգելքը:

Ռուսաստանի օրենսդրության համաձայն, անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում եթե բացահայտվի, որ նա այլ հասցեում է բնակվում, ապա անձին սպառնում է կամ տուգանք, կամ մինչև մեկ տարի ազատազրկում, քանի որ ՌԴ օրենսգրքով դա համարվում է միտումնավոր կեղծ տեղեկատվության տրամադրում պետությանը: Աշխատանքային միգրանտի կարգավիճակով մեկնողների միայն մի մասն է իրականում աշխատանքային պայմանագիր կնքում։

Փորձագետները խորհուրդ են տալիս ցանկացած երկիր մեկնելիս ուսումնասիրել այդ երկրում գործող միգրացիոն օրենսդրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս