«Մարդիկ չեն պատկերացնում, որ Արցախը տրվել է, երբ այս ամենը միս ու արյուն ստանա, այդ ժամանակ կհասկանան, որ վտանգը չոքել է մեր դռանը». ԳԽ նախկին պատգամավոր
Արդեն 77-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի միակ ճանապարհի ապաշրջափակման վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշում էր ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի վճիռը։
168.am–ի հետ զրույցում ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը խոսելով ստեղծված իրավիճակի և հայկական կողմի անելիքների մասին, նախ ասաց, որ ՀՀ իշխանությունն ինչ անում է, նույնիսկ դատական հայցերի ներկայացումը միջազգային դատարան՝ դրանք ավելի շատ շղարշային բնույթ ունեն։
«Հայաստանի իշխանությունը շահագրգռվածության նշույլ անգամ չունի, որ Արցախի ճանապարհը բացվի։ Այն, ինչ իրենք խոսում են, դրանց ես չեմ հավատում, ուղղակի ձև են անում՝ ցույց տալու համար, որ ուզում են ճանապարհը բացվի։
Այն, ինչ հիմա կատարվում է՝ մտնում է Հայաստանի իշխանությունների պլանի մեջ։ Հիշեցնեմ՝ վերջերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա գազը կմիացնեն, հետո նորից կանջատեն, հետո նորից կմիացնեն։ Այսինքն՝ այն սցենարը, ինչ տեղի է ունենում վերջին օրերին՝ լրիվ տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի գծած սցենարով, գազի, հոսանքի անջատումները և այլն։ Հիմա, որպեսզի ժողովուրդն իրենց չմեղադրի, չդժգոհի, ձև արեցին, թե իբր աշխատում են։ Իհարկե, Հաագայի դատարանն այդ վճիռը կայացրեց, բայց իշխանության քայլերը չեն տանում դրան, որ ճանապարհը բացվի»,- նշեց Մեխակ Մխիթարյանը։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը համոզված է՝ ամեն ինչ ընթանում է Նիկոլ Փաշինյանի սցենարով և ըստ պլանավորածի՝ իշխանությունը ձեռք է քաշել Արցախից՝ մտածելով, որ արցախցիները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ պետք է լինեն Ադրբեջանի կազմում։ Այժմ իրենց ամբողջ քարոզչությունը տանում են հենց այդ ուղղությամբ, որ արցախցիները վերջին հաշվով համոզվեն, որ իբր «իրենց անվտանգությունը կերաշխավորվի միայն Ադրբեջանի կազմում լինելու» պարագայում։
«Հիմա, երբ ասում են՝ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցում են, այդ բանակցությունների հիմնական մոտիվը սրանով է պայմանավորված, որ նրանք իրար հետ պետք է համաձայնության գան անվտանգության երաշխիքների շուրջ։ Եվ այս ամենը ողջունում են Հայաստանի իշխանությունները՝ համարելով, որ մի մեծ գլխացավանքից ազատվում են։ Սրանց Արցախը պետք չէ, սրանք իրենց համաձայնությունը տվել են բոլոր տեղերում»,- շեշտեց Մեխակ Մխիթարյանը։
Նա նշեց, որ հաճախ է ինքն իրեն հարց տալիս, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել 35 տարի առաջ, երբ Արցախը կրկին վտանգված էր, և ինչո՞ւ այսօր նույնը չի անում։
«35 տարի առաջ, երբ սկսվեց Արցախի շարժումը, դրա հիմնական լոկոմոտիվը հանդիսանում էին երիտասարդները, ուսանողությունը։ Գուցե այն ժամանակ հայրենասիրության, պետականության զգացումը մեր երիտասարդության մոտ այնպիսի բարձր մակարդակի վրա էր, որը գալիս էր մեր կրթական համակարգում եղած հնարավորություններից։ Ինքներս էլ այդ տարիներին երիտասարդ էինք, շատ էինք մտահոգվում, այնպես էինք համախմբվել մեկ գաղափարի շուրջ, որը բոլորիս հանել էր ոտքի։ Այսօր մեր երիտասարդության, ուսանողության գերակշիռ մասն անտարբեր է, նրանց գուցե մեղադրել էլ պետք չէ, որովհետև վերջին 4 տարիների ընթացքում տեղի են ունենում դեգրադացիոն գործընթացներ, երիտասարդների հայրենասիրությունը դարձել է ծիծաղի առարկա։ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայրենասիրության ինչ-որ նոր «մոդելներ» է առաջարկում, թե՝ տեսեք, հաց ու պանիր ենք ուտում, սա է հայրենասիրությունը, Գերմանիա եմ գնացել, այս եմ տեսել և այլն»,- նկատեց Մ. Մխիթարյանը։
Նրա կարծիքով՝ վերջին հաշվով ինչ-որ պահի պետք է ազգային ոգին բարձրանա, Արցախի հարցը դառնա մեր ազգային գաղափարախոսության հենասյուներից մեկը, և ժողովուրդը պետք է դուրս գա թմբիրից։
«Մարդիկ հիմա իսկապես չեն պատկերացնում, որ Արցախը տրվել է, չկա, երբ այս ամենը միս ու արյուն ստանա վերջնականապես, մարդիկ այդ ժամանակ կհասկանան, որ վտանգը չոքել է մեր դռանը։
Պետք է փոխվի նաև խորհրդարանական ընդդիմության կրավորական կեցվածքը, թեպետ նրանց էլ եմ հասկանում, որ, չունենալով ժողովրդի լայն շերտի աջակցությունը, հոգեբանական ընկճախտի մեջ է, սա իշխանության, աթոռի համար կռիվ չէ, սա մեր ազգի, լինելիության, Արցախը հայկական պահելու խնդիրն է, որն աթոռակռիվ չէ։ Բայց ժողովուրդը սա չհասկացավ։ Կարծում եմ՝ գուցե նոր ուժեր ի հայտ գան ու ընդդիմության հետ ժողովրդին ցույց տան, որ այս պայքարը մեր վաղվա օրվա համար է, բայց հիմա էլ ենք մենք ուշացած։ Երբ ասում եմ՝ ոտքի կանգնել, նկատի ունեմ, որ այս վիճակը գոնե կարողանանք սառեցնենք, մինչև իշխանափոխություն լինի ու իրավիճակը շտկվի։
Տեսեք, սրանք ինչ են անում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սա էլ մի ուրիշ ազգակործան քաղաքականություն է։ Ես չեմ հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ ուղեղով են կամ մարմնի ո՞ր մասով են մտածում։ Երևի մտածում են, որ Ռուսաստանի հետ այսկերպ վարվելով՝ կարող են հանկարծ մեր ժողովրդի, պետության համար ապագա լինել։ Ուղղակի չեմ հասկանում, թե սա ինչ թշնամություն է։ Այս ամենը դավաճանություն կոչելը շատ քիչ է, ուղղակի թշնամություն է, ժողովրդին ու պետությանն ատելու քաղաքականություն է»,- հավելեց նա։
Հարցին՝ նույն ժողովուրդը չէ՞ր՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններում ընտրեց պարտված իշխանությանը, Մեխակ Մխիթարյանը պատասխանեց՝ երբ նայում են իրական թվերին, ապա ներկայիս իշխանությանը ձայն է տվել ընտրողների 25 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է մարդկանց 40 տոկոսը, որից 25 տոկոսը ընտրել է ներկայիս իշխանություններին։ Հետևաբար, ասել, թե ժողովուրդն է ընտրել այս իշխանությանը՝ ճիշտ չէ։
«Այդ ընտրություններում իշխանությունն այնքան ռեսուրս է օգտագործել, որ դժվար է ասել, թե ընտրություններն արդար են եղել։ Ակտիվ մասնակից եմ եղել ընտրական գործընթացներում։ Օրինակ. նախընտրական շրջանում ժողովուրդը մի ուրիշ վերաբերմունք ուներ «Հայաստան» դաշինքի նկատմամբ, բայց ընտրություններից հետո ինձ համար անակնկալ էր նման արդյունքները։ Դրա համար եմ ասում, պետական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ է եղել»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։