
Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության ճանապարհին. ՀՀ-ում ԵՄ դեսպանատունը՝ Սումգայիթի ջարդերի մասին

Եվրոպական միությունը խորը վշտակցություն է հայտնել 35 տարի առաջ Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերի հետևանքով զոհված հայերի հարազատներին և բարեկամներին։
«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասված է Հայաստանում Եվրամիության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։