«ՄԱԿ-ն աշխարհի վիճակի հայելին է». Բորելն ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն, ամփոփելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արդյունքները, իր ամենշաբաթյա բլոգում խոսել է Ուկրաինայում տիրող ճգնաժամի, Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու, ինչպես նաև ճգնաժամերի լուծման գործում ԵՄ դերի մասին։

Բորելն իր բլոգում ընդարձակ անդրադարձ է կատարել Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ նշելով, որ Ուկրաինային խաղաղություն է հարկավոր:

«Հստակ է, որ աշխարհը խաղաղություն է ցանկանում, և որ ուկրաինացիներն արժանի են խաղաղության, բայց ոչ ցանկացած խաղաղության: Մենք ուզում ենք արդար խաղաղություն՝ հիմնված միջազգային օրենքի և ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքի վրա», – գրել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ փետրվարի 23-ին Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի ժամանակ ընդունվել Է հակառուսական բանաձև: Փաստաթղթին կողմ է քվեարկել 141, դեմ՝ 7 երկիր (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։ Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը: Ժոզեպ Բորելը նաև նշել է, որ աշխարհի երեք մայրցամաքներում ԵՄ-ն ավելի քան 5000 տղամարդ և կին է տեղակայել ճգնաժամերի կառավարման 21 գործողությունների շրջանակներում: Դրանց թվում Բորելը շեշտել է նաև Հայաստանը:

«Վերջին առաքելությունները, որ մենք սկսել ենք, Նիգերիայում համագործակցության առաքելությունն է և ևս մեկը՝ Հայաստանում», – գրել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ներկայում համաշխարհային ճգնաժամերի թիվը բավական աճել է:

«Նյու Յորքում այս երեք օրերը հաստատեցին հին ասացվածքն այն մասին, որ ՄԱԿ-ն աշխարհի վիճակի բավական լավ հայելի է: Եթե նայենք Ուկրաինայի սահմաններից այն կողմ, ապա հստակ Է, որ գլոբալ ճգնաժամերը կուտակվում են, բայց գլոբալ արձագանքը կա՛մ արգելափակվում է, կա՛մ անհամապատասխան է: Առաջնորդությունն ու միասնությունը չեն բավականացնում»,- գրել է նա՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը և Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը խարխլում են «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»։

Ամփոփելով Նյու Յորք իր այցի արդյունքները՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է Եվրամիության նշանակալի դերը միջազգային խնդիրների լուծման գործում։ «Շատ չեն այնպիսի ճգնաժամերը, որոնց առնչությամբ մենք ակտիվություն չենք դրսևորում, և ոչ մի այլ գործընկեր չի առաջարկում ավելի համակարգված աջակցություն ՄԱԿ-ի աշխատանքին, քան մենք», – գրել է Բորելը:

Տեսանյութեր

Լրահոս