
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
33 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում էին հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, բռնությունները: Բաքվում հայերի հանդեպ ջարդեր իրականացվել են նաև նախորդ տարիներին՝ 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Բաքվում ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի:
Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:
Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ: