Ռուբեն Վարդանյանն Արցախում ամենառեյտինգային քաղաքական գործիչն է. Քաղտեխնոլոգ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու լուրերը, որոնք պարբերաբար շրջանառվում էին, այսօր արդեն պաշտոնական տեսք ստացան: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։

Հրամանագիրը Հարությունյանն այսօր հրապարակել է Արցախի կառավարության նիստի ժամանակ։

Քաղտեխոնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանի դեմ կային դիմադրության մի քանի շերտեր:

«Մեկն արտաքինն էր՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Տեղեկություններ կային, որ Էդրողանը Վարդանյանին «հեռացնելու» որոշման վրա ազդելու համար դիմել էր Պուտինին: Պահանջը նաև Ադրբեջանի կողմից բացահայտ հնչեց Մյունխենում:

Կարդացեք նաև

Հաջորդը ՀՀ իշխանություններն էին, որոնք և՛ բաց տեքստով, և՛ քողարկված՝ դիմադրում էին, և նաև՝ Արցախում կային ուժեր, որոնք դեմ էին Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը, քանի որ իրենց մոտ վտանգ կար, որ կորցնում են տասնամյակներով ձեռք բերված տնտեսական ու ֆինանսական վերահսկողական լծակները»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը:

Նա, այդուհանդերձ, արձանագրեց, որ հակառակ Արայիկ Հարությունյանի՝ Վարդանյանի հրաժարականը պահանջելու փորձերին՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չտվեց՝ այդ կերպ ցույց տալով, որ Արցախում՝ իշխանության ներսում, կա լուրջ, ֆունդամենտալ հակասություն:

«Այդ հակասությունը նրանում է, որ Վարդանյանի և նրա թիմի որդեգրած կուրսը բացարձակապես չէին համընկնում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ Արցախի այսօրվա ղեկավարության հարմարվողական կուրսին»,- պարզաբանեց Վիգեն Հակոբյանը:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը կհաջորդի հանրային ընդվզում, քաղտեխնոլոգը նկատեց, որ չպետք է դա բացառել:

«ՀՀ իշխանություններն արդեն այնտեղ են գործուղել Սամվել Բաբայանին՝ կանխելու ներքաղաքական հնարավոր լարվածությունը:

Մի բան հասկանալի է, որ Ռուբեն Վարդանյանն այնտեղ ամենառեյտինգային քաղաքական գործիչն է, բայց որպեսզի նման ընդվզումներ լինեն, պետք է քաղաքական ուժերն առաջնորդեն (քաղաքականության մեջ բացարձակ ինքնաբուխ ընդվզումներ հազվադեպ են լինում):

Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ինքը հրաժարական չտվեց, և, ըստ էության, դրանով ֆիքսեց իր քաղաքական հայացքների տարբերությունը՝ թե՛ Արցախի այսօրվա ղեկավարության, թե՛ ՀՀ այսօրվա ղեկավարության միջև:

Եվ ընդհանրապես, այս պաշտոնանկությունը բավականին բարդ վիճակ ստեղծեց Արցախի ղեկավարության համար, որովհետև կամա թե ակամա՝ Մյունխենյան պահանջից հետո եղավ այդ հրամանագիրը»,- նշեց նա:

Ի դեպ, քաղաքական ընդզվումների համատեքստում Վիգեն Հակոբյանը դիտարկեց Արցախի երեք ընդդիմադիր խմբակցությունների՝ «Արդարություն», Դաշնակցություն և Ժողովրդավարական կուսակցությունների տարածած հայտարարությունը և այսօր այդ ֆրակցիաների կողմից ԱԺ նիստը բոյկոտելը:

Տեսանյութեր

Լրահոս