Կառավարությունը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը. նախարար

ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս հուշագրով կողմերը իրենց նպատակադրումներն են հայտնում ներգրավել 150 միլիոն ԱՄՆ դոլար այս պայմանագրով և պայմանագրից դուրս՝ ևս 100 միլիոն դոլար, որը ներդրվելու է Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ:

Կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան՝ փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը: Ազդակիր համայնքները, համաձայն այս պայմանավորվածության, ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից: ԵԶԲ-ն ներդնելու է 100 միլիոն դոլար՝ որպես վարկային միջոցներ, և ևս 50 միլիոն դոլար ապահովվելու է տեղական բանկի կողմից»,- հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր ծրագիր է:

Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս