Երբ քեզ ստորացնում են ու պատասխան չես տալիս՝ հաջորդ Մյունխենում ավելի վատ է լինելու. Վահագն Մելիքյան

«Ունեցել ենք փխրուն զինադադար, բայց չենք ունեցել լայնածավալ պատերազմ, սարսափելի կորուստներ, որից մինչև հիմա  մեր հասարակությունը չի կարողանում ուշքի գալ, չի հաջողվել ուշքի բերել: Մենք փորձում ենք գոնե վերլուծել, ահազանգել, բայց դրան հակոտնյա սլաքներ են նետվում, որ, ահա, պատերազմ է լինելու, եթե հետևենք այս ճանապարհին: Սա քաղաքական կուրություն է»,- «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ շեշտելով, որ այդ խաղաղություն բառը, որը փորձում են ականջահաճո երևալով՝ բերել դաշտ,  ոչ ոքի պետք չի լինելու, դառնալու է հերթական թղթի կտորը:

«Աշխարհի վերաձևավորում է գնում, և եթե շատ խելացի լինենք, կարող ենք ունենալ մեր տեղը: Ինչքան էլ դժվար պատկերացնելի լինի՝ Հայաստանը կարող է դառնալ գործոն, որովհետև ունի այդ դիրքը, գտնվում է նյարդային ամենացավոտ կետերից մեկում: Պահը չկարողանալ ճիշտ գնահատել՝ ուղղակի աբսուրդ է»,- նշեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը:

Խոսելով Մյունխենի Անվտանգության համաժողովի մասին՝ Վահագն Մելիքյանը նկատեց. «Կարելի էր հրաշալի ձևով այդ հարթակն օգտագործել՝ սառը մեկնաբանություններով, շեշտադրումներով պատասխանել ղեկավարին ոչ հարիր պահվածքին: Դա չի արվել, որովհետև կա վախը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս