«Փաշինյանի ելույթից կես ժամ հետո մարդիկ պետք է դուրս գային փողոց և պահանջեին այդ խայտառակության հրաժարականը». Արմեն Բաղդասարյան
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև նրան արգելել են դա անել:
«Նա վախենում է, ենթադրում եմ՝ Ալիևը սպառնացել է, որ՝ դու այդ հարցը չբարձրացնես, թե չէ՝ այս կանենք, այն կանենք: Փաշինյանն էլ համարում է, որ դա ճիշտ է, և այդ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և, ինչպես ինքն է ասում՝ ԼՂ հայության միջև երկխոսության միջոցով։ Այսինքն՝ կարծում է, որ այդտեղ Հայաստանն անելիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ Բաղդասարյանի՝ Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէր մյունխենյան կոնֆերանսի ժամանակ Ալիևի հետ բանավեճին. «Ավելին, նա շարունակում է կրկնել այն նույն սխալները, որ արել է դեռևս մյունխենյան առաջին հանդիպման ժամանակ: Ընդհանրապես, նրա պատասխաններն ադեկվատ չէին ո՛չ առկա խնդիրներին, ո՛չ մարտահրավերներին, ո՛չ Ալիևի առաջ քաշած պնդումներին»:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ օգտվում է Փաշինյանի բոլոր սխալներից.
«Օրինակ՝ օգտվում է նրանից, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրել է և պարտավորվել է զորքերը դուրս բերել «ադրբեջանական» տարածքներից, և Ալիևը դրանից օգտվելով՝ Հայաստանին հռչակում է ագրեսոր: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում Հայաստանն ագրեսոր չի համարվում, որովհետև դրանք կոչեր են՝ ուղղված ԼՂ-ին: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորվել է ՀՀ զորքերը դուրս բերել, դրանով իսկ ընդունել է, որ այնտեղ ՀՀ զորքերն են»:
Արմեն Բաղդասարյանը մտահոգիչ է համարում, որ այս ծանրագույն իրավիճակում Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնում է այնպիսի ինտելեկտով մեկը, ինչպիսին Փաշինյանն է.
«Դա, իսկապես, լուրջ սպառնալիք է: Դրա համար իսկապես շատ կարևոր է, որ այլ բանակցող լիներ։ Բայց Ալիևը, իհարկե, սխալ է, որովհետև Փաշինյանին «ընտրելով»՝ Հայաստանի ժողովուրդը չի ընտրել կապիտուլյացիան, նա ընտրել է Փաշինյանին այն պատճառով, որ նա կարողացել է շատ ճարպկորեն խաբել Հայաստանի ժողովրդին և համոզել, որ իբր թե դա ոչ թե կապիտուլյացիա է, այլ մեզ բերելու է խաղաղության դարաշրջան, և, որ Հայաստանն էլ մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը: Այսինքն՝ այդ ընտրությունների արդյունքները վկայում են ոչ թե Հայաստանի ժողովրդի կապիտուլյանտ լինելու մասին, այլ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է խաբել ժողովրդին»:
Նա շեշտեց. «Մեր ամենամեծ մտահոգությունը Մյունխենում Փաշինյանի խղճուկ կեցվածքը չէր, այլ այն, որ Հայաստանն ասում է, որ Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց հասարակությունը բացարձակ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Այ, սա է ամենամտահոգիչը: Սա է, որ պետք է մեզ բոլորիս այսօր մտահոգի, որովհետև ակնհայտ է, որ Ալիևին խաղաղություն պետք չէ: Ալիևի պահանջներն անընդհատ մեծանում են, Նիկոլ Փաշինյանն էլ նշաձողն անընդհատ իջեցնում է: Քանի դեռ այս գործընթացը կա, ոչ մի խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Մյունխենում Ալիևը հենց դա էր անում»:
Արմեն Բաղասարյանի խոսքով՝ Փաշինյանը լավ հեղափոխական է, բայց հեռու է պետություն ղեկավարելուց:
Դիտարկմանը՝ այսինքն՝ քանդելո՞ւց է լավ, նա արձագանքեց. «Այո, իշխանություն զավթելու համար պետք է բացասական էներգիա, պետք է կարողանալ ամեն ինչ քանդել, իսկ իշխանություն վերցնելուց հետո պետք է դրական էներգիա. Ա՛յ, քանդելն իր մոտ շատ լավ է ստացվում, բայց որևէ նոր բան չի ստեղծում, կամ եթե պատահաբար ստեղծում է, լինում է շատ ավելի վատ, քան նախկինում էր: Պետության ղեկավարից այլ որակներ են պահանջվում, այդ մարդը պարզապես չունի այդ որակները»:
Արմեն Բաղդասարյանն առկա գործընթացները կասեցնելու հնարավորություն չի տեսնում, բայց դրանք երկարաձգելու և ժամանակ շահելու հնարավորություն տեսնում է.
«Պետք է բացել փակագծերը: Երբ Ալիևն ասում է՝ ձեր ժողովուրդը կապիտուլյանտ է, կարելի է հանրաքվե անցկացնել այդ հարցով, Ադրբեջանին այդ խաղաթղթից մենք կզրկենք»:
Նաև հավելեց. «Եթե Հայաստանը լիներ նորմալ հասարակություն ունեցող երկիր, Փաշինյանի մյունխենյան ելույթից կես ժամ հետո պետք է տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս գային փողոց և պահանջեին այդ խատառակության հրաժարականը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում