«Պատիվ ունեմ» ռազմական երգի հեղինակից ազատվելուց մինչև Պատվո պահակախմբի պատվազրկում
Երեկ՝ փետրվարի 19-ին, լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակը, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել էր, որ Պատվո պահակային վաշտի զինծառայողները պետք է պահակություն անեն Ազատության հրապարակում Հովհաննես Թումանյանի արձանի շուրջը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Պատվո պահակային վաշտին ստիպում են անել այն, ինչի պարտավորությունը, ըստ էության, չունի:
2022 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ ԶՈՒ Պատվո պահակային վաշտի զինծառայողները հատուկ արարողակարգով ներկա են եղել Օղակաձև զբոսայգում, Ազատության հրապարակում Հովհաննես Թումանյանի և Եղիշե Չարենցի հուշարձաններին Նիկոլ Փաշինյանի այցի ժամամակ։
Նրանք մասնակցել են նաև Կոմիտասի անվան պանթեոնում Փաշինյանի ծաղկեմատույցների արարողությանը, ինչը որևէ առնչություն չի ունեցել զինվորական արարողակարգերի և օտարերկրյա պատվիրակությունների դիմավորման հետ:
Ավելին, Պատվո պահակային վաշտի զինծառայողները ներկա են գտնվել 2022 թվականի դեկտեմբերի 31-ի Փաշինյանի Ամանորի ուղերձի նկարահանմանը և ներկայացել են իբրև ուղեկցող ֆոն ողջ ելույթի ժամանակ:
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի գործառույթները, պարտականությունները և անելիքները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք-օրենքի 12-րդ գլխի սահմանումների համաձայն։
Այսինքն, այստեղ շատ հստակ նշվում է՝ ո՞ր դեպքերում և որտե՞ղ կարող է ծառայության նշանակվել Պատվո պահակախումբը:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք– օրենքի 12-րդ գլխի 326-րդ հոդվածը սահմանում է՝
«Պատվո պահակախումբը կարող է նշանակվել զինվորական հարգանք մատուցելու, հանդիսավոր նիստերին մարտական դրոշի մոտ կանգնելու համար, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու և ճանապարհելու, ինչպես նաև 334 հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ: Թաղման արարողության համար նշանակված պատվո պահակախումբն առանձին դեպքերում կարող է վերակազմվել պատվո ուղեկցորդ խմբի»:
Իսկ հոդված 328-ում նշվում է. «Պատվո պահակախումբը նշանակվում է կայազորի պետի, զորամիավորման կամ առանձին զորամասի հրամանատարի հրամանով», որից հետո շարունակվում է. «Օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորող և ճանապարհող պահակախումբը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) պատվո պահակախմբի վաշտից:
Պատվո պահակախումբը ենթարկվում է կայազորի պետին և կայազորի զինվորական պարետին (զորամիավորման, զորամասի հրամանատարին)»:
330-րդ հոդվածն էլ սահմանում է Պատվո պահակախմբի պարտականությունները օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելիս, ճանապարհելիս և հուշարձան բացելիս:
Այնուհետ անցում է կատարվում զինվորական հարգանքի մատուցման կարգին թաղման ժամանակ:
«Հոդված 333. Զինծառայողների թաղման ժամանակ զինվորական հարգանքի մատուցման համար նշանակված զորքերից կազմվում է պատվո ուղեկցորդ խումբ:
Մահացած (զոհված) զինծառայողների թաղումը սովորաբար կատարվում է նրանց վերջին ծառայավայրում: Բացառիկ դեպքերում խաղաղ ժամանակ զինվորական (քաղաքացիական) պարտքը կատարելիս զոհված կամ ընդհանուր հիվանդություններից մահացած զինծառայողների դիակի տեղափոխումը թաղման վայր (վերաթաղում), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշմամբ, կատարվում է պետության հաշվին:
Հոդված 334. Պատվո ուղեկցորդ խումբ է նշանակվում ուսումնական կամ ստուգողական հավաքներում մահացած զինծառայողների, ինչպես նաև զինապարտների և քաղաքացիական այն անձանց թաղման ժամանակ, ովքեր հատուկ ծառայություններ ունեն պետության առջև:
Բացի այդ, պատվո ուղեկցորդ նշանակվում է գործող բանակից զորացրված, համազգեստ կրելու իրավունքով ազատված պահեստազորի և պաշտոնաթող բարձր կարգի սպաների, Խորհրդային Միության հերոսի, փառքի երեք աստիճանի ասպետների, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի, առաջին, երկրորդ աստիճանի մարտական խաչի, ինչպես նաև պատերազմի մասնակիցների թաղման ժամանակ…»,- նշվում է Զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք-օրենքում:
Իսկ հոդված 351-ում ասվում է, որ զորամասերի պատվիրակությունները հայրենիքի ազատության և անկախության մարտերում զոհված մարտիկների հուշարձաններին և շիրիմներին պսակ են դնում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) որոշմամբ: Երևան քաղաքում Անհայտ զինվորի շիրիմին պսակ դրվում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ցուցումով:
«Հոդված 352. Երևան քաղաքում պետական, կառավարական և զինվորական պատվիրակությունների կողմից պսակներ դնելիս կայազորի պետի հրամանով նշանակվում են կայազորի զորամասերի զինված պատվո պահակախումբ (մեկ կամ մի քանի մարտական դրոշներով) և նվագախումբ:
«Հոդված 353. Հուշարձանին (շիրիմին) պսակ դնելուց առաջ պատվո պահակախմբի կազմից կարգվում են մեկ-երկու զույգ ժամապահ, որոնք կանգնում են զգաստ, ավտոմատը կրծքին: Ժամապահներ նշանակելու և նրանց փոխարինելու ժամանակը սահմանում է կայազորի պետը:
Պատվո պահակախումբը երկու տողանով շարվում է ըստ հուշարձանի կամ շիրիմի տեղադրվածության: Մարտական դրոշները տեղակայվում են պատվո պահակախմբի աջ թևում, նվագախումբը շարվում է մարտական դրոշներից աջ»,- նշվում է հաջորդ հոդվածներում:
356-րդ հոդվածում էլ նշվում է, որ օտարերկրյա այլ պատվիրակությունների կողմից մարտիկների հուշարձաններին ու շիրիմներին պսակ դնելիս պատվո պահակախումբ և նվագախումբ չի նշանակվում: Նման դեպքում կայազորի պետի կամ զինվորական պարետի հրամանով հուշարձանի (շիրիմի) մոտ կարգվում են մեկ-երկու զույգ ժամապահ. անհրաժեշտության դեպքում սպա է հատկացվում` երկու զինծառայողով պսակը տեղ հասցնելու համար:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի, պետք է նախ պատասխանեն՝ ՀՀ օրենսդրական ո՞ր կարգավորումների հիման վրա են ՀՀ ԶՈՒ Պատվո պահակային վաշտի զինծառայողները մասնակցել ոչ պետական միջոցառման, Բանաստեղծների արձանի շուրջը պահակություն արել կամ ամանորյա նկարահանման մասնակցել:
Երկրորդ՝ եղե՞լ են ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք–օրենքի 12-րդ գլխի հոդված 328-ի պահանջների համաձայն կայազորի պետի, զորամիավորման կամ առանձին զորամասի հրամանատարի հրամաններ պատվո պահակախումբ կազմելու վերաբերյալ։
Ի դեպ, նշված դեպքերի մասին կարծիք հայտնելու մեր խնդրանքին ի պատասխան՝ Ազգային ժողովի «Հայաստան», խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ փետրվարի 8-ին նշված դեպքերին (բացի փետրվարի 19-ի դեպքից) առնչվող հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանի գերատեսչությունից պատասխանել են, թե որևէ խախտում չի եղել, ինչը և սպասելի էր:
«2022թ. դեկտեմբերի 31-ին պատվո պահակային վաշտի մասնակցությամբ բոլոր միջոցառումները կատարվել են ըստ արարողակարգի՝ առանց խախտումների, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի» համաձայն:
Պատվո պահակային վաշտն իր պարտականությունները կատարել և կատարում է ՀՀ Կառավարության և ԶՈՒ ղեկավարության հրամաններով, կարգադրություններով կամ ցուցումով, որոնք լինում են գրավոր կամ բանավոր («ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք» գլուխ 2, հոդված 37, 38):
Ինչ վերաբերում է «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի» գլուխ 12-ի հոդված 328-ին, տեղեկացնում եմ, որ կայազորի պետի, զորամիավորման կամ առանձին զորամասի հրամանատարի հրամանով կազմվում է մեկանգամյա կամ կարճաժամկետ պատվո պահակախումբ՝ կոնկրետ միջոցառումը (հուղարկավորության, ծաղկեպսակ դնելու և այլն՝ տվյալ կայազորի տարածքում) սպասարկելու համար: 14746 զորամասի կազմում գործող պատվո պահակային վաշտը հաստիքային ստորաբաժանում է, և նշված հոդվածի բոլոր միջոցառումները կատարվում են ո՛չ կայազորի պետի, ո՛չ էլ զորամասի հրամանատարի հրամանով:
Պատվո պահակային վաշտի պարտականությունների մեջ մտնում են ոչ միայն օտարերկրյա հյուրերի դիմավորման և ճանապարհման արարողությունները, այլ նաև ՀՀ և ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարության մասնակցությամբ անցկացվող զինվորական արարողակարգով նախատեսված միջոցառումների (հուշարձանների բացման, ծաղկեպսակներ դնելու, պաշտոնական ընդունելություն, թաղումների կամ մարտական դրոշներ ներս բերելու, պարգևատրման արարողության և այլն) սպասարկումը:
Նշեմ նաև, որ պատվո պահակային վաշտը կարող է ընդգրկվել ՀՀ վարչապետի կամ պաշտպանության նախարարի ուղերձի կամ ելույթի ժամանակ` տվյալ միջոցառման կարևորությունը ընդգծելու համար»,- 168.am–ի հետ զրույցում մանրամասնեց Գեղամ Մանուկյանը:
Հավելենք, որ ՀՀ ՊՆ մեջբերած ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 2 գլխի, 37-րդ և 38-րդ հոդվածներում նշվում է.
«Հոդված 37. Հրամանը հրամանատարի (պետի) կարգադրություն է` ուղղված ենթականերին, որ պահանջում է որոշակի գործողություններ կատարել, այս կամ այն կանոնը պահպանել, սահմանում է ինչ-որ կարգ, դիրք:
Հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի տեխնիկական միջոցներով` մեկ զինծառայողի, զինծառայողների խմբին կամ զորամասին (ստորաբաժանմանը):
Գրավոր հրամանը զինվորական կառավարման հիմնական կարգադրիչ, պաշտոնական փաստաթուղթ է (իրավական ակտ), որ միանձնյա ղեկավարման իրավունքով հրապարակում են զորամասերի հրամանատարները (հիմնարկների պետերը): Բանավոր հրամաններ տալիս են բոլոր հրամանատարները (պետերը):
Հոդված 38. Կարգադրությունը հրամանատարի (պետի) կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է: Կարգադրությունը տրվում է գրավոր կամ բանավոր: Գրավոր կարգադրությունը պաշտոնեական պարտադրող փաստաթուղթ է, որ շտաբի պետը հրապարակում է զորամասի հրամանատարի անունից կամ կայազորի զինվորական պարետը` կայազորի պետի անունից»:
Հրամանը (կարգադրությունը) պետք է համապատասխանի օրենքների և զինվորական կանոնադրությունների պահանջներին»:
Ըստ էության, Սուրեն Պապիկյանը արդարացրել կամ լեգիտիմացրել է Պատվո պահակախմբի՝ Նիկոլ Փաշինյանի սեփական քմահաճույքներին ծառայեցվելը: Պաշտպանության նախարարության պատասխանը սովորական «կրուտիտ» էր:
Վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է որոշել, որ Պատվո պահակախումբը պետք է պահակություն անի կառավարական առանձնատան դիմաց կամ իր մերձավորների թաղման արարողություններին մասնակցի: Այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ սրա ականատեսն էլ կլինենք:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 դեկտեմբերին տելեգրամյան ալիքներում և մամուլում տեղեկություններ եղան, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և, որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։
Բնական է՝ նա հերքել էր այդ լուրերը:
Հավելենք, որ ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել առաջին իսկ հրամանի դեպքում, բայց ստացել է մերժում, որից հետո Օնիկ Գասպարյանին համոզելու գործընթացին միացել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով նույնպես ստացել է մերժում։
Պատվո պահակախմբի հեղինակությանը վնասող գործողությունների համատեքստում նշենք, որ անցած տարի ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի պետի պաշտոնից ազատել էին «Պատիվ ունեմ» երգի հեղինակ, զինվորական դիրիժոր, արդեն պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանին, ով ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ:
Հ.Գ. Ի դեպ, 2004֊ի փետրվարի 19֊ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցելու ցանկություն չունեցավ։ Էլ չասենք, որ բանակի օրը պետական միջոցառումներով չի նշանավորվել հունվարի 28֊ին։