«Սա բավականին լուրջ ազդակ է՝ Եվրոպան գնում է Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու և այս հատվածը Ռուսաստանի համար փակելու ճանապարհով». Գրիգոր Բալասանյան

Առաջիկայում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ ՀՀ իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հնչեցրած հայտարարով վստահեցնում են, թե այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

Փետրվարի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով իր թիմակիցներից մեկի հարցին՝ անդրադարձավ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներին և ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից հրաժարվելու փաստին, հայտարարեց, որ ի տարբերություն ՀԱՊԿ առաքելության, ԵՄ դիտորդական առաքելությունը հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանն իրենց համար։

Փաշինյանի այս հայտարարության և ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս իր ճեպազրույցում ասել էր, որ ԵՄ-ականներին տարածաշրջան ներքաշելն արդարացնելու ոչ այնքան հաջող փորձ է։

Փետրվարի 14-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը մամուլի ասուլիսում հայտարարել էր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ ու լարված,  այդ համատեքստում ակնարկելով նաև ԵՄ դիտորդական առաքելության Հայաստանում իրականացվելիք գործառույթները։

Կարդացեք նաև

«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է՝ որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում»։

Ի վերջո, այս ամենն ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ, ԵՄ դիտորդական առաքելությունն արդյո՞ք ուղղված է Ռուսաստանի դեմ, ինչպես ակնարկում է ռուսական կողմը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով այս հարցերին, ներկայացրեց իր կարծիքը՝ սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև այլ բացատրություն չկա երկու տարի ժամկետով Հայաստանում պարեկություն անող դիտորդներին, որոնք, եվրոպացիների խոսքով, ի վիճակի չեն պահելու կամ փոխելու ստատուս-քվոն, այսինքն՝ ոչ մի բանով չեն զբաղվելու, որն անհրաժեշտ է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, համենայն դեպս, մի շարք փորձագետների համար տարօրինակ բացատրություն տվեց, թե ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է, որպեսզի հսկի ու համոզվի, որ հայ-ռուսական հարաբերություններում իրենց համար վտանգ չկա։

Աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ համաշխարհային մամուլն արդեն սկսել է գրել հնարավոր լուրջ իրադարձությունների մասին, անգամ կոնկրետ օր և գործողություններ են նշում՝ փետրվարի 24, Լեհաստանը պլանավորում է անցնել Բելառուսի սահմանը և մտնել Բելառուսի տարածք, և արդեն 6 անցակետից 4-ը փակել են։ Սա բավականին լուրջ ազդակ է, և կարծում եմ՝ Եվրոպան այսօր գնում է Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու և այս հատվածը Ռուսաստանի համար փակելու ճանապարհով՝ որպեսզի, երբ սկսվեն ավելի լուրջ իրադարձություններ Հարավային Կովկասում, այն օպերատիվ աջակցությունը, որը նա պետք է ցուցաբերեր և՛ Իրանին, և՛ իր զորքին Հայաստանում՝ չկարողանա անել»,- պարզաբանեց Գրիգոր Բալասանյանը։

Նրա մեկնաբանությամբ, ըստ էության, այսօրվա կեղծ հայ-թուրքական հաշտեցման օրակարգը, հումանիտար օգնություն ուղարկելը և այլն, վերը նշված մեծ խաղի մի մասն է, և Թուրքիան ու հայ որոշ պաշտոնյաներ այս համատեքստում իրենց դերը շատ լավ են կատարում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելուն, Գրիգոր Բալասանյանը նկատեց.

«Հայաստանի նորագույն պատմության մեջ չեմ հիշում երկրորդ դեպք, երբ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունն իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ զորավարժություններ անելը կապի որևէ երրորդ երկրի և երրորդ երկրների սպառնալիքի հետ։ Պարզ էր, որ զորավարժություններն ուղղված են հենց երրորդ երկրին։ Հետևաբար, ո՞ւմ շահերն են սպասարկում, ի՞նչ են անում, կարծում եմ՝ ըստ էության գնալով պատկերը մի փոքր պարզ է դառնում։ Նման իրադարձությունները ոչ միայն Ռուսաստանում չեն ընդունում, այլև զարմացած են, որովհետև Հայաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որն ասում է՝ եկեք զորավարժություններ չանենք, որ հանկարծ մեր թշնամիները վատ չընդունեն։ Նման բան չեմ հիշում նաև միջազգային պրակտիկայում, սա ոչ միայն վատ է, այլև սա Հայաստանի վարքն ու հեղինակությունն է գցում հենց աշխարհում՝Հայաստանը դիտարկելով որպես անվստահելի գործընկեր»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մոտ ժամանակներում ռուսական կողմն ավելի թափանցիկ ակնարկներով կբացատրի իրենց մտադրությունների մասին, սակայն ցավալին այն է, որ այդ բացատրելը նաև հայ ժողովրդի հաշվին է լինելու, նաև ՌԴ-ում հայ համայնքի հաշվին։

«Չեմ կարծում, որ այս հարցը հետաքրքրում է հայ-թուրքական հաշտեցմամբ զբաղվող մարդկանց, որովհետև իրենց համար արևմտյան շահերի պաշտպանությունը կամ արևմտյան շահերի սպասարկումը դարձել է կյանքի խնդիր, որը որևէ կապ չունի բովանդակ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ»,- շեշտեց Գ. Բալասանյանը։

Հարցին՝ հայ-ռուսական այս հարաբերություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Արցախի վրա, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց՝ կարծում է, Ռուսաստանում արդեն հասկացել են, որ Հայաստանի իշխանության համար Արցախի խնդիրն արդեն փակ է։

«Այս իշխանության համար Արցախի խնդիր չկա, էլ ինչպե՞ս բացատրեն։ Կարծում եմ՝ հիմա ռուսներն իրենք պետք է փորձեն իրավիճակից դուրս գալու իրենց սցենարն առաջ տանեն, բայց այնպես, որ խաղաղապահները մնան այնտեղ, և սրանով է պայմանավորված նաև վերջին շրջանում ՌԴ օրենսդիր մարմնի բարձր մակարդակով այցը Բաքու, ինչպես նաև երեկ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը, որտեղ կարևորվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա անվտանգության ապահովումը։ Այսինքն՝ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում և փորձում է լծակներ փնտրել իր խաղաղապահներին Արցախում տևական ժամանակ պահելու համար։ Նա շատ լավ հասկանում է, որ Արցախը և Արցախի խնդիրը Հայաստանի ներկայիս իշխանություններով չի պայմանավորված, այդ իշխանություններն այսօր կամ վաղը չեն լինելու։ Արցախի խնդիրը ՌԴ-ի համար շատ ավելի լուրջ ռազմավարական խնդիր է, քան Հայաստանի նրա գործընկերների համար»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս