«Ոստիկանության Էրեբունու բաժնում եղել եմ դեպքից կարճ ժամանակ անց: Տեսա շատ լարված իրավիճակ: Ոստիկանները ևս շատ լարված էին, և տեսա հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող երկու փաստաբաններ: Նրանք, կարելի է ասել, շոկի մեջ էին. չէին սպասում, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Բնականաբար, ծեծի հանգամանքը հերքել անհնար էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փետրվարի 10-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց աշխատանքային պարտականությունների ժամանակ բռնության ենթարկված փաստաբանների դեպքին:
Ծեծված փաստաբանների շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները՝ նախ նշեց, որ բերման ենթարկված անչափահասները օրինական ներկայացուցչի ու հոգեբանի ներկայությամբ ցուցմունք են տվել, թե ինչպես են նախորդ օրն Էրեբունու բաժնի օպերլիազորներն իրենց խոշտանգել:
Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների: