«Ոստիկանության Էրեբունու բաժնում եղել եմ դեպքից կարճ ժամանակ անց: Տեսա շատ լարված իրավիճակ: Ոստիկանները ևս շատ լարված էին, և տեսա հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող երկու փաստաբաններ: Նրանք, կարելի է ասել, շոկի մեջ էին. չէին սպասում, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Բնականաբար, ծեծի հանգամանքը հերքել անհնար էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փետրվարի 10-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց աշխատանքային պարտականությունների ժամանակ բռնության ենթարկված փաստաբանների դեպքին:
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին: