Բաժիններ՝

«Բնակիչների մի մասը վերադարձել է, ձնաբուքը ճանապարհները լցրել է, մի մասն այդ պատճառով չի կարողացել վերադառնալ». Վերին Շորժայի վարչական ղեկավար

Տարվա սկզբին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք տվյալներ էր հրապարակել, նշելով, որ մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով:

Ավելի քան մեկ ամիս առաջ 168.am հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասել էր՝ «Մարդիկ, ովքեր ցանկացել են ձմռան այս ցուրտ օրերն անցկացնել այլ վայրում, մենք դեմ չենք եղել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկացել են մնալ գյուղում, մնացել են։ Կրկնում եմ՝ դուրս եկածներն ընդմիշտ չեն հեռացել, բոլորն էլ վերադառնալու են։ Մարդիկ նպատակահարմար են գտել այս ընթացքում բարեկամների տուն գնալ, բայց որևէ մեկը նպատակ չունի իր տունը լքելու»։

Այսօր 168.am-ը Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեց՝ գյուղից դուրս եկած բնակիչներն արդյո՞ք վերադարձել են գյուղ։

«Բնակիչները կիսով չափ վերադարձել են, մի քանի օր առաջ ձնաբուքը ճանապարհները լցրել է, բնակիչների մի մասն այդ պատճառով չի կարողացել վերադառնալ։ Ճանապարհ, շարժ չկա, չկարողացան գալ, կարող է ձյունը քիչ է, բայց ուժեղ քամին ձյունը բերում-լցնում է ճանապարհին»,- ասաց Արտյոմ Երանոսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մեր զրուցակիցն ասաց, որ դրա մասին դեռ չեն մտածում, դեռ շուտ է։

«Մեզ մոտ բարձրադիր գոտի է, վարուցանքսը սկսվում է ապրիլի վերջից, բայց դե, հիմա այդ մասին չենք կարող մտածել, ժամ առ ժամ բան է փոխվում, մի քիչ օրերը մոտենան՝ նոր հասկանանք՝ ինչ ենք անելու։

Մենք վտանգավոր լինելու համար կրկնահերկը չենք կարողացել անել, սպասում ենք՝ գարունը բացվի, գուցե կարողանանք գարնանը վարել ու ցանել»,- պարզաբանեց Ա. Երանոսյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությունից  սպասելիքներին, որոնք մի քանի օրից կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ ոչինչ չի կարող ասել՝ ամեն ինչ ցույց կտա ընթացքը։

«Թեկուզ վտանգավոր է, բայց մի բան պետք է անենք, հողը չենք կարող թողնել անմշակ։ Ունենք 400 հեկտար վարելահող, եթե կարողանանք այսքան հող ամբողջությամբ մշակել, ապա ստացած բերքը գյուղին կբավականացնի։ Եթե վտանգավոր չլինի, թշնամին չկրակի, ապա 400 հեկտարն էլ կցանենք»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս