Սրանով ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նախապատվությունը տալիս են արևմտյան ֆորմատին. Քաղտեխնոլոգ
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
Հայաստանյան պատվիրակության՝ Թուրքիա այցին հաջորդած և Մյունխենյան այցին նախորդած ժամանակահատվածում նման հայտարարություն անելը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատահական չի համարում:
Ըստ նրա՝ հայաստանյան իշխանությունների բոլոր գործողությունները տեղավորվում են նրանց որդեգրած «խաղաղության դարաշրջանի կոնցեպցիայի մեջ», որը ենթադրում է «խաղաղության պայմանագրի» ստորագրում հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
«Բոլոր քայլերը՝ թե՛ Թուրքիա այցը, և թե՛ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, մի ընդհանուր շղթայի մաս են,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Վիգեն Հակոբյանը, ապա առանձնացրեց Մյունխենյան այցի հիմնական մեսիջները,- Սրանով Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հիմա որոշակի շեղում ունեն դեպի Արևմուտք և ավելի շուտ նախապատվությունը տալիս են արևմտյան ֆորմատին, իսկ երկրորդը՝ այնտեղ է գտնվելու Ադրբեջանի նախագահը, և շատ փորձագետներ՝ հատկապես ադրբեջանական կողմից, արտահոսք են անում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին»:
Անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում քննարկված հնարավոր հարցերի շրջանակին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ այն կարող էր ընդգրկել՝ Արևմուտք-ՌԴ հակամարտության ներքո ՀՀ դիրքորոշման ընտրությունից՝ մինչև «Բրյուսելի քավորությամբ» հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակեցմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանն այս համաժողովին մասնակցում էր բավականին «ինքնավստահ» դիրքերից և նույնիսկ իր հիմնական քարոզչական գործիքի՝ Ֆեյսբուքի շնորհիվ հանրայնացրել էր «մյունխենյան սկզբունքներ»-ը, որոնք զարմանալիորեն չէին շրջանցում «Լեռնային Ղարաբաղ»-ը:
Վիգեն Հակոբյանը, սակայն, նշում է՝ այս անգամ Փաշինյանի մեսիջներն ակնհայտորեն փոխարինվել են նորերով. «Պարզ է, որ ինքնորոշման իրավունքն արդեն փոխարինվել է Արցախի բնակչության անվտանգության հարցերով և իրավունքներով: Դա որևէ մեկն արդեն վաղուց չի թաքցնում:
Եվ առհասարակ, նախկին նարատիվներով և ուղերձներով Փաշինյանը որևէ տեղ հանդես չի գալու, առավել ևս՝ մյունխենյան հարթակում. մյունխենյան հարթակը շատ հայտնի և հեղինակավոր հարթակ է, որը համարվում է արևմտյան քաղաքական մտքի և քաղաքական նարատիվների կարևորագույն ամբիոններից մեկը, իսկ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որն արդեն իսկ Պրահայում ստորագրել էր փաստաթուղթ, որտեղ հիմնական շեշտերը Արցախի բնակչության ինչ-ինչ իրավունքների ապահովումն է և ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
Կարծում եմ`համաժողովում ևս հիմնականում հենց այդ շեշտադրումներն են լինելու: Լավագույն դեպքում կարող է հիշատակվել Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ փորձելով սեփական ինչ-որ հակախաղ ստեղծել Ադրբեջանի հետ հնարավոր բանակցություններից առաջ»:
Վ. Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դեպի Արևմուտք ՀՀ իշխանությունների շեղումը, որը, ըստ նրա, արտահայտվում է նաև այս համաժողովին մասնակցությամբ, կունենա՞ կոնկրետ հակազդեցություն ՌԴ-ի կողմից՝ հաշվի առնելով նաև ռուսական պաշտոնական շրջանակների վերջին շրջանի կոշտ հայտարարությունները:
Ի պատասխան՝ նա նկատեց. «Հայտարարությունները, որ հնչում են ՌԴ-ից ամենաբարձր մակարդակով՝ դիվանագիտական լեզվով և երբեմն՝ առանց դիվանագիտական բառամթերքի, ցույց են տալիս ՌԴ խոր դժգոհությունը Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության առնչությամբ: Դրանք շատ դեպքերում նույնիսկ չթաքնված սպառնալիք են պարունակում (ինչպես Վոլոդինի հայտարարության դեպքում), մասնավորապես, երբ համեմատություններ են հնչում Ուկրաինայի, Հարավսլավիայի հետ:
Լավրովի կողմից ասվածը ոչ թե հայտարարությունների մակարդակով էր, այլ արդեն կոնկրետ քաղաքական գործողություն, որն ունի քաղաքական հետևանքներ»:
Ի դեպ, Վիգեն Հակոբյանը չբացառեց առավել կոշտ հակադարձումները՝ հաշվի առնելով նմանատիպ իրավիճակներում ռուսական վարքագծի փորձը, ապա շեշտեց, որ Հայաստանը ռեսուրսի և ՌԴ-ից կախվածության տեսակետից բավականին խոցելի է:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի. «Այն մարդիկ, որ ցանկանում են Եվրամիությունն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը»: