Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքը և այն ուղարկել է Ադրբեջան. Փաշինյան
Կառավարության հերթական նիստի մեկնակին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է Արցախին մատակարարվող գազը, սակայն 2 ժամ անց կրկին փակել է գազատարը։
«Հիշեցնեմ, որ նախորդ անգամ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին։ Հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը։ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ էր սկսվել էներգետիկ բլոկադայի հետևանքով, հումանիտար ճգնաժամն ավելի էր սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։ Սա ըստ էության անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով միտքը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին 3 ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել։
«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,- հավելեց Ն. Փաշինյանը։
Ապա Փաշինյանն անդրադարձավ «խաղաղության պայմանագրին» և Կառավարության նիստի մասնակիցներին ու ողջ հանրությանը տեղեկացրեց, որ երեկ ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և հայկական կողմի առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում