Եթե երբևէ Նոբելյան մրցանակաբաշխության մեջ «ուղեղի լվացման» նոմինացիա լինի, Փաշինյանը լինելու է թիվ մեկ հավակնորդը. Նաիրա Զոհրաբյան
«Նա իշխանության եկավ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու թեզիսների վրա և այսօր ու երևի տևական ժամանակ՝ պատմության մեջ մնալու է ուղեղ լվալու առաջատարներից մեկը: Եթե երբևէ Նոբելյան մրցանակաբաշխության մեջ «ուղեղի լվացման» նոմինացիա լինի, նա լինելու է թիվ մեկ հավակնորդը»,- «Թավշյա իշխանազավթման բիրտ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով մի քանի մտքեր Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ելույթից:
Նա անդրադարձավ նաև օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած զեկույցին, ըստ որի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը 2022–ին՝ 2021–ի համեմատ, հետընթաց է արձանագրել՝ 180 երկրների ցանկում 58-ից տեղափոխվելով 63-րդ տեղ։
«Ավելին՝ եթե «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ն ասում էր, որ նախորդ 6 տարիներին Հայաստանն ուներ դրական դինամիկա, ինչը վերաբերում էր նաև նախորդ իշխանություններին, ապա այսօր ակնհայտորեն կոռուպցիայի ինդեքսը նվազել է:
Ամենակարևորը, ինչն արձանագրել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը` ՀՀ-ում մի քանի տարվա առաջընթացից հետո նկատվում են մտահոգիչ նշաններ կոռուպցիայի առումով, ինչն արտացոլվում է զսպող և հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեության թափանցիկության նվազման, անկախ դատական համակարգում և քաղաքական տարածքի պաշտպանության ապահովման խախտման միտումներով»,- շեշտեց նա:
Հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը թեմայի առնչությամբ նկատեց, որ թեև իշխանության գալուց շաբաթներ անց Փաշինյանը հայտարարել էր Հայաստանում հաղթահարված համակարգային կոռուպցիայի մասին, սակայն օրերս կառավարության նիստում արձանագրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում տոտալ կոռպուցիայի առկայության փաստը:
«Ընդ որում՝ թվարկեց այն գերատեսչությունները, որտեղ դրանք կան՝ ՍԱՊԾ, Երևանի քաղաքապետարան, մի քանի գերատեսչություններ, տեսչական մարմիններ և այլն: Բայց նույնիսկ առանց այդ արձանագրման՝ մենք կարող ենք դատողություններ անել քաղաքական և տնտեսական կոռուպցիայի մասին՝ մամուլում արված և, ցավոք, այդպես էլ որևէ քաղաքական և իրավական հետևանք չունեցած հրապարակումների փաստերով:
Օրինակ, երբ 2018 և 2021 թթ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության կողմից քանիցս խոստում էր հնչեցվել բիզնեսի ու քաղաքականության տարանջատման անհրաժեշտության մասին:
Տրվում է նման խոստում, որն ընդհուպ առաջ է բերում ներիշխանական պառակտում (եթե հիշում եք, Տիգրան Ավինյանը չընդգրկվեց համամասնական ցուցակում, որովհետև այնտեղ Խաչատուր Սուքիասյան կար), բայց այսօր ամենախոշոր օլիգարխները հայտնվեցին համամասնական ցուցակում և փայլում են իրենց թրքասիրության քարոզներով, գնում են ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած խորհրդարանական լսումներին՝ այնտեղ սադրանքներ հրահրում:
Ո՞րն էր նրանց ԱԺ պատգամավոր դառնալու իմաստը, ի՞նչ նպատակ էին հետապնդում՝ իրենց բիզնես շահերը խորհդարանում սպասարկե՞լը… Չէ՞ որ տրամագծորեն հակառակի մասին էր խոսք տրվում 2018 թ., ապա և՝ 2021-ին»,- նշեց հեռուստալրագրողը:
Բանախոսն այս համատեքստում խոսեց նաև պետական համակարգի աշխատակիցներին տրվող պարգևավճարների մասին, որոնց տարեկան բյուջեն 100 միլիոն դոլար է:
«Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն այս զեկույցը համարեց ուշացած և մեղմ:
Ըստ նրա՝ սրանով Փաշինյանի միջազգային գործընկերներն ասել են՝ «արի խոստովանի, որ դու այլևս քո համակարգի կոռուպցիոն դրսևորումները թաքցնել չես կարող»:
«Սա շատ մեղմ գնահատական է, շատ ուշացած գնահատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որովհետև Փաշինյանի վարչակարգի կոռուպցիոն դրսևորումները սկսվել են դեռևս 2018 թվականից, ինչի մասին խոսել են փորձագետները, մասնագետները, աղաղակել են ԶԼՄ-ները,- ասաց Աստղիկ Մաթևոսյանը, ապա առանձնացրեց «կոռուպցիոն դրսևորումների» մի քանի դրվագներ,- Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին նշանակվեց վարչապետի արարողակարգում պաշտոնի, որովհետև պետք է Աննա Հակոբյանի հետ չարթերային թռիչքներով գնար տարբեր երկրներ և սպասարկեր նրան: Առաջին երկու տարիների պետական բյուջեից Հակոբյանի վարսահարդար ընկերուհուն հատկացվել է 39 հազար դոլար»:
«Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիրը նաև խոսեց Փաշինյանի ընտանիքի՝ կառավարական ինքնաթիռով աշխատանքային այցերի մեկնելու, ուղղաթիռով զինծառայող որդուն այցելելու, զինծառայող որդուն տրված բազմաթիվ լրացուցիչ և խրախուսական արձակուրդների մասին:
«Աննա Հակոբյանի հիմնադրամներին անանուն փոխանցվում են միլիոնավոր դրամներ, երբեմն` դոլարներ, իսկ դրան հետևում են տարօրինակ իրավական գործընթացներ` օրինակ, որոշ հարուցված քրեական գործեր կարճվում են, կամ հաջորդող օրերին կառավարության նիստում որոշ ընկերությունների տրվում են արտոնություններ:
Նիկոլ Փաշինյանն իր կառավարման սկզբի ժամանակահատվածում ձեռք բերեց երկու զրահապատ մեքենա՝ յուրաքանչյուրը՝ 550 հազար դոլար արժողությամբ, և ըստ օդում կախված և չհերքված լուերի՝ մեքենաներից մեկը սպասարկում էր անձամբ Աննա Հայոբյանին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում