
ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին և ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին և շեշտվել մարդասիրական միջանցքի անխափան գործունեության հրատապությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությունը: