Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան հերթական համագործակցությո՞ւն, թե՞ բնականոն սահմանադրական գործընթաց
Արցախի նախագահ (ԱՀ) Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս թեման հետպատերազմյան ժամանակահատվածում պարբերաբար օրակարգ է բերվել, սակայն դրա տարբեր դետալների շուրջ կոնսենսուս չի կայացել:
«Մի կողմից հասկանալի է այդ փոփոխության օբյեկտիվ գործոնը տարբեր հանգամանքներով պայմանավորված ընտրությունների անցկացման անհնարինության համատեքստում: Մյուս կողմից՝ Արցախի ներքաղաքական դաշտում առկա անառողջ և հակասական հանրային տրամադրությունների համատեքստում լրիվ անկանխատեսելի: Լուծումը փոխադարձ վստահության և փոխընդունելի լուծումների վրա հիմնված գործընթացն է` կոնկրետ հաշվարկով և հեռանկարով»,- շեշտեց նա:
Նշենք, որ փետրվարի 11-ին Սամվել Բաբայանի անունից հայտարարություն էր տարածվել՝ ի պատասխան լրատվական աղբյուրներում շրջանառվող լուրերի, թե նա ստանձնելու է ԱՀ պետական նախարարի պաշտոնը, որը ներկայումս Ռուբեն Վարդանյանն է զբաղեցնում:
«Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում։
Սամվել Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը ներքաղաքական հնարավոր զարգացումների կապակցությամբ քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիքն է։ Վերջիններիս համար Ս. Բաբայանի ստվերն անգամ հավասազոր է իրենց քաղաքական վախճանին, ինչով և պայմանավորված է նրանց տեղեկատվական խրամատավորումն ու տեղեկատվական զինանոցի թարմացումը»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2022թ. նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանը դիմել էր Արցախի ԱԺ նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով:
Նման որոշման համար պատճառ էր հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:
Նշվում էր, որ Արցախի նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանի՝ Սահմանադրության փոփոխության գործընթաց սկսելու մասին մտադրության հրապարակայնացումից հետո մամուլում նորից տեղեկություններ շրջանառվեցին Սամվել Բաբայանի՝ Ռուբեն Վարդանյանին փոխարինելու մասին: Եվ, որ Սամվել Բաբայանը պահանջում է Սահմանադրական փոփոխություններ, որպեսզի կրկին վարչապետի պաշտոնը վերականգնվի, որին այսօր փոխարինում է պետնախարարը:
Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա ի՞նչ է ստացվում՝ Արայիկ Հարությունյանը նորից որոշել է համագործակցել Սամվել Բաբայանի հե՞տ, որպեսզի գուցե կարողանա «ազատվել» Ռուբեն Վարդանյանից, որի մասին Սամվել Բաբայանը, ի դեպ, վատ չի արտահայտվել: Գուցե:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 25-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր էր ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, թե տվել է իր համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը, և, որ այն եղել է «ստիպված» որոշում՝ ռազմական իրավիճակով պայմանավորված։
Իսկ Սամվել Բաբայանի արձագանքը սրան կտրուկ էր, նա եռակողմ համաձայնագրի հաստատումից հետո հրաժարվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ
– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,- հայտարարել էր ՊԲ նախկին հրամանատարը:
Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի այս քայլը որակել էր որպես պատասխանատվությունից հրաժարում՝ հաշվի առնելով նրանց կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերի միջև քաղաքական հուշագրի ստորագրումը, ինչը նշանակում է քաղաքական պատասխանատվության կիսում:
«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր այդ ժամանակ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.
«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:
Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի մնաց: Ավելի ուշ Սամվել Բաբայանը սրբագրեց իր իսկ ասածը և հայտարարեց, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:
Իսկ թե սահմանադրական փոփոխությունների ֆոնին ականատեսը կլինե՞նք հերթական պահի թելադրանքով, կամ փոխշահավետ գործարքի, ցույց կտա ժամանակը…