«ՀՀ իշխանությանը կա՛մ պետք է ատամ ցույց տալ, կա՛մ հարմարվել և մի օր կոտորվել». Սոֆյա Հովսեփյան
Այսօր առավոտից փորձել ենք տեսակապով զրուցել Արցախում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, բայց հաշվի առնելով, որ Արցախում նաև էներգետիկ ճգնաժամ է, ժամեր շարունակ հովհարային անջատումներ են, Արցախում նաև ինտերնետի խնդիր կա: Այս ամենի արդյունքում Արցախում գտնվող մեր հայրենակիցների հետ զրուցելու միակ եղանակը մնացել է հեռախոսազանգը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում հեռախոսազրույց ենք ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ:
Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ Արցախում իրավիճակը շատ ծանր է. «Հատկապես, երբ չկա գազ, հովհարային անջատումներին զուգահեռ՝ լինում են վթարներ, ինչը սպասելի է: Օրվա մեծ մասը հոսանք էլ չկա, և մարդիկ այս ձմեռային սառնամանիքի պայմաններում շատ ծանր վիճակում են ապրում: Կա նաև վառելանյութի խնդիր, որովհետև Արցախի մեր անտառային մեծ պաշարները մնացել են թշնամու ձեռքում: Այսինքն՝ մենք այսօր շատ լուրջ խնդիր ունենք նախ ջեռուցման հետ կապված: Ինչ վերաբերում է սննդին, ապա բանջարեղենային սնունդը շատ քիչ է, գրեթե չկա, վերջերս են սկսել փոքր քանակությամբ մատակարարել, բայց հերթերը առավոտ 8-ից սկսվում են, մինչև երեկոյան ժամը 20:00-ն մարդիկ հերթերի մեջ են, որ կաղամբի մի փոքր մաս կարողանան տանել տուն և փորձեն ինչ-որ ապուր պատրաստել: Սա մարդկային արժեքների և հնարավոր բոլոր նորմերի ոտնահարում է, մարդիկ շատ ծանր պայմաններում են այս պահին ապրում»:
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները զբաղված են «քաղաքական կապիկություններով»՝ Արցախում օր օրի ծանրացող վիճակն աշխարհին ներկայացնելու փոխարեն.
«Կարծես Հայաստանը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, միջազգային հանրությունն էլ դատապարտվում է դատարկ կոչերով: Թե՛ կառավարության նիստերին, թե՛ ԱԺ նիստերին որևէ կերպ Արցախի հարցը չի բարձրաձայնվում, ուստի միջազգային հանրությունից ի՞նչ ակնկալել, նրանք կասեն՝ որպես ստորագրող կողմ՝ դուք ի՞նչ եք անում:
Իշխանական Գուրգեն Արսենյանն իր հայտարարությամբ 3 միլիոն հայի տեղեկացրեց, որ՝ ձեր կյանքը մազից է կախված, մենք որևէ հնարավորություն չունենք ձեր պաշտպանությունն ապահովելու: Մենք տեսանք, որ 15 անմեղ զինվորներ մահացան, սեպտեմբերյան դեպքերը տեղի ունեցան: Իրենք որևէ մեկի համար պատախանատու չեն, որևէ մեկի կյանքը պաշտպանելու ունակ չեն, և այդ 120 հազարը երբ նա ասաց, ոչ թե ընդգծեց, որ պաշտպանում են 3 միլիոնին, այլ պարզապես այս պահին այդ 3 միլիոնի ճանապարհը փակ չէ, թե չէ՝ իրենք էլ նույն կերպ անպաշտպան են: Տարբեր երկրներում ունենք դեսպաններ, ի՞նչ են անում նրանք: Որևէ մեկը հիշո՞ւմ է Վիկտոր Ենգիբարյանի մասին, որը Գերմանիայում է դեսպան, որևէ մեկը հիշո՞ւմ է Լիլիթ Մակունցին, որը Ամերիկայում է որպես դեսպան գնացել և հանգիստ ու տաք իր համար նստել է: Որևէ մեկը հիշո՞ւմ է Սոս Ավետիսյանին, Վլադիմիր Կարապետյանին կամ մյուսներին: Ես այն դեսպանների մասին եմ խոսում, որոնք հենց այս իշխանության օրոք են նշանակվել որպես դեսպաններ և իրենց հավատարիմ ծառաներն են: Որևէ կերպ հայաստանյան որևէ հարց այս մարդկանց կողմից բարձրաձայնվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե կարծում են, որ այնտեղ բնակվող հայությանը մի հատ ստացական տալն է իրենց գործը, ապա ես չեմ պատրաստվում հարկեր վճարել, որ իրենք այնտեղ միայն դրա համար ապրեն և թղթեր տան»:
Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ արցախահայությունը պետք է Հայաստանի իշխանությունների համար հստակ պահանջներ դնի. «Արցախի բնակչության մոտ սպասողական և հարմարվողական տրամադրություն է, որը չեմ ընդունում: Հենց արցախցիները պետք է լինեն առաջին պահանջատերը՝ հենց Հայաստանից, որովհետև Հայաստանի իշխանությունն է արցախցիներին դատապարտել այս օրվան, Հայաստանի իշխանությունն է որոշել Հայաստանի արցախյան հատվածը այսպես կործանել և բախտի քմահաճույքին թողնել՝ թշնամի պետության կապրիզներին հանձնելով, և հենց իրենցից պետք է պահանջել լուծումներ:
Եթե երկու տարի առաջ ստորագրեցին և որոշեցին այս նույն արցախահայության ճակատագիրը, ուրեմն՝ այսօր էլ պետք է տեր կանգնեն այդ ստորագրությանը և բացեն կյանքի ճանապարհը: Այդ ողբերգական փաստաթղթի վրա գրված է, որ Հայաստանը դա պետք է ապահովի, հիմա Հայաստանի իշխանությունը դա կանի Ռուսաստանին տրված լիազորությունների միջոցով, կբանակցի Ռուսաստանի հետ, կստիպի Ադրբեջանին, թե ինչ կանի, դա իր խնդիրն է, բայց արցախցիները պետք է պահանջատեր լինեն, ոչ թե հարմարվող:
Հարմարվել ենք, սոված էլ կմնանք, անլույս էլ կմնանք, անջուր էլ կմնանք, մեր երկրում կմնանք, բայց մի օր նույն Հայաստանի իշխանությունը կոտորած, ջարդ կանի, այդ եղեռնը իրապես կկազմակերպի՝ առանց որևէ ցավ զգալու, որովհետև ինչպես իրենք ասացին՝ 120 հազարն իրենց հետաքրքիր չէ, և իրենք վաղը-մյուս օրը կկազմակերպեն Արցախի հայության կործանումը, որպեսզի ոչ թե իբր փրկեն 3 միլիոն հայերին, այլ իրենց կազինոները, հանքերն ու մնացած գույքը, ուրիշ ոչ մի նպատակ չունեն: Կամ պետք է ատամ ցույց տալ, կամ պետք է հարմարվել և մի օր կոտորվել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում