«Հայաստան ժանդարմներ են գալիս. Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա». Գագիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում փետրվարի 8-ին խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման պատճառների մասին՝ հայտարարեց՝ այդ որոշման են եկել, որովհետև Փաշինյանի բնորոշմամբ՝ արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել են մեզ վրա խեթ նայել և մտածել, թե Հայաստանն իրականում պատրաստվում է ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի նկատմամբ։

«Նրանք մտածում են, որ մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական և հայկական, և պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որպեսզի հավասարակշռեն։ Մենք ասացինք՝ շատ լավ, եկեք տեղում դիտարկեք, տեսեք՝ էդ ամեն ինչը իրականությանը համապատասխանո՞մ ա, թե՞ չի համապատասխանում»,- հայտարարեց Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի այս բացահայտմանը, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց՝ եթե Հայաստանի կողմից քիչ թե շատ դիվանագիտական աշխատանք լիներ, կամ լիներ հայկական շահը և ոչ թե՝ թուրք-ադրբեջանականը սպասարկող իշխանություն, ապա Հայաստանը չէր հայտնվի այն վիճակում, որում է՛ հիմա։

«Հիմա մի վիճակում ենք, երբ Իրանը հայտարարում է, որ իրենց դրական վերաբերմունքը «հայերի գեղեցիկ աչքերի համար չէ», և բավական է, որ Հայաստանն իր տարածքում տեղակայի արևմտյան զինուժ, ապա թող չմեղադրի Իրանին սառը վերաբերմունքի համար։ Ֆրանսիայից ժանդարմներ՝ ներքին զորքեր են գալու Հայաստան. հենց սրա մասին էր Իրանի նախազգուշացումը, ուստի, այս տեսակետից, առավել քան համոզված եմ՝ Իրանի վերաբերմունքի փոփոխությունը կզգանք շատ ավելի արագ, քան Ռուսաստանինը, և կհայտնվենք տոտալ շրջափակման մեջ»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ ուշադրություն հրավիրելով Փաշինյանի՝ հերթական՝ իրար հակասող 2 հայտարարությունների վրա, ըստ որոնց, մի դեպքում՝ Եվրամիությունը դիտորդ է ուղարկում Հայաստան, մյուս դեպքում՝ Հայաստանին մեղադրում Ադրբեջանի դեմ ագրեսիայի դիմելու ցանկության մեջ։

Կարդացեք նաև

«Ակնհայտ է, որ ԵՄ հիմնական նպատակը Ռուսաստանին բոլոր ոլորտներից դուրս հանելն ու այստեղ երկրորդ ճակատի բացումն է։ Հայաստանի իշխանությունը Հայաստանը դարձրել է երկրորդ Ուկրաինա և բացում է 2-րդ ճակատ՝ ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով՝ այս իշխանությունն Ուկրաինայի և Վրաստանի օրինակով է երկրի կառավարումը տանում, գործում է գունավոր հեղափոխությունների ոսկե օրինաչափություններով:

«Օրինակ՝ կոռուպցիայի ընկալման մակարդակի հարցում Ուկրաինայի և Վրաստանի նման կոռուպցիան հասարակության լայն շերտերից վերցրել և բարձրացրել են ավելի բարձր մակարդակ։ Կան վերլուծություններ, որոնցով Սահակաշվիլու հեռանալուց հետո Վրաստանում կոռուպցիան շատ ավելի բարձր էր. վստահեցնում եմ՝ ՀՀ այս իշխանության հեռանալուց հետո կոռուպցիայի իրական մակարդակը շատ բարձր է լինելու. սա գունավոր հեղափոխությունների ոսկե կանոնն է։ Այն իրավիճակը, որում հայտնվեց Վրաստանը, մենք երանի ենք տալու։ Այն, ինչ արեց Սահակաշվիլին Վրաստանի գլխին, մենք դրան երանի ենք տալու, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, քանի որ Հայաստանը դարձնելու են թուրքական վիլայեթ»,- ասաց Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս