
Եթե կառավարությունն ընդմիշտ գնար արձակուրդ, բայց պարգևավճարներն ու բարձր աշխատավարձերը, անիմաստ գործուղումներն ու մեքենաները մնային, դարձյալ 14.2 տոկոսը կլիներ. տնտեսագետ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են։ Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հունվարը 2022թ. հունվարի նկատմամբ) կազմել է՝ 8.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:
Ի դեպ, Կենտրոնական բանկն ավելի վաղ հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացում կլինի, ավելին, ըստ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի, 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
168.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հավանական ԿԲ այս սցենարը:
«Հավանականությունը գրեթե զրո է: Բայց բոլոր պարագաներում՝ ԿԲ-ն կլինի, թե Վիճկոմիտեն, իրենք այլ բան չեն կարող ասել. իրենք թվերն այդկերպ են գեներացնում, բայց անցյալ տարիներն արդեն իսկ ցույց են տալիս, որ բոլոր ցուցանիշների կտրվածքով երբեք համապատասխանություն չի ստացվում:
ԿԲ-ն ցանկացած պարագայում գնաճի համար սահմանում է 4-4.5 տոկոս և աշխատում են գտնվել այդ մակարդակի վրա, բայց իրականությունը բացարձակապես դա չէ, և կարող եք համոզված լինել, որ 2023 թվականին գնաճի առումով ավելի զուսպ մակարդակ ունենալու հեռանկար չկա»,- ի պատասխան՝ նշեց տնտեսագետը:
Անդրադառնալով 2022 թվականի տնտեսական ակտիվության՝ 14.2 տոկոս ցուցանիշին և բոլոր ոլորտներում արձանագրված աճերին և հարցադրմանը, թե ինչո՞ւ քաղաքացին այս աճը չի զգում իր վրա, Վարդան Բոստանջյանը նկատեց՝ տնտեսության մեջ չկա որակական փոփոխություն:
«Մինչև իրենց իշխանությունը՝ պետական պարտքը եղել է 6 միլիարդ 700 միլիոն դոլար, հիմա այն դարձել է 10 միլիարդ 640 միլիոն: Այսինքն՝ պետական պարտքն աճել է 60 տոկոսով: Բացի պետական պարտքից՝ այս պահի դրությամբ, մասնավոր տրանսֆերտները 2022 թվականին եղել է 5.2 միլիարդ դոլար, ինչը մեր ՀՆԱ-ի գրեթե 30 տոկոսն է: Այսքան փողը որ լցվել է երկիր, ավտոմատ ձևով բերել է 14.2 տոկոս տնտեսական աճի: Իսկ երբ նայում ենք որակական առումով՝ տեսնում ենք միայն ծառայությունների և առևտրի ոլորտ: Գյուղատնտեսությունը 0.4 տոկոս աճ է ունեցել. ի՞նչ էկոնոմիկա, երբ խոսում ես 14.2 տոկոս ակտիվության մասին, որտեղ հիմնական գործառույթներից մեկը 0.4 տոկոս է: Այսինքն՝ սա նշանակում է քվազի աճ (կարծեցյալ), որը պայմանավորված է եղել արտաքին աշխարհից եկած ֆինանսական միջոցներով:
Եթե կառավարությունն ընդմիշտ գնար արձակուրդ, բայց պարգևավճարներն ու բարձր աշխատավարձերը, անիմաստ գործուղումներն ու մեքենաները մնային, դարձյալ 14.2 տոկոսը կլիներ: Ասել է թե՝ ոչինչ անել էլ պետք չէր. արդեն գոյություն ունեցող այդ ֆինանսական միջոցների շարժն ավտոմատ բերում է, այսպես կոչված, աշխուժացման»,- պարզաբանեց տնտեսագետը:
Նա, սակայն, ընդգծեց՝ իրավիճակը ռիսկային է, քանի որ ակտիվությունն ապահոված արտաքին գործոնների չեղարկումը տնտեսության վրա կունենա բացասական հետևանքներ: