«Ադրբեջանի պահանջներն էապես չեն փոխվել». Գառնիկ Դավթյան
Բեռլինում գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Չմանրամասնելով, թե այս անգամ ինչ առաջարկներ է Հայաստանը ստացել Ադրբեջանից, Արարատ Միրզոյանը միայն շեշտել է. «Երևանը դիտարկում է դրանք և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»։
Այսօր, երբ Ադրբեջանն արդեն երկու ամիս շրջափակված է պահում Արցախի Հանրապետությունը, ի՞նչ նոր առաջարկներ կարող է ներկայացնել Հայաստանին: Դեռևս չբացահայտվող առաջարկների մասին որևէ քննարկում ծավալվո՞ւմ է ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցցանցերում, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ փորձագետից։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նախ հիշեցրեց՝ Ադրբեջանի պահանջներն էապես չեն փոխվել և այդ պահանջները վաղուց արդեն հայտնի են։ Մասնավորապես՝ դրանք վերաբերում են Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակում թղթերով արձանագրված Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքին։ Իսկ հաջորդ պահանջը վերաբերում է Սյունիքով, այսպես կոչված, «միջանցքի» պահանջին, որի պարագայում Ադրբեջանն անհիմն զուգահեռներ է տանում Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ։
«Հետևաբար՝ կարծում եմ՝ այս առաջարկությունների մեջ կլինի «միջանցքի» վերաբերյալ որևէ դրույթ։ Իհարկե, ադրբեջանական կողմը կփորձի նախապայմանի նման ինչ-որ բան առաջարկել, որ, օրինակ, իրենք բացում են Արցախի ճանապարհը, ՀՀ իշխանությունն իրենց տալիս է Սյունիքով «միջանցք»։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն իր պահանջներից կհրաժարվի, հատկապես հիմա, երբ ռուսական կողմի ազդեցությունը Հարավային Կովկասում էապես նվազել է։
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է, որ Արցախը Հայաստանին կապող այդ ցամաքային ճանապարհը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, և ադրբեջանական կողմի պահանջները կփոխվեն միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում ունենա լուրջ դրական արձանագրումներ, և գտնեն ոսկե միջին այս հարցում»,- պարզաբանեց Գառնիկ Դավթյանը։
Շարունակելով միտքը, փորձագետը նշեց նաև մի հանգամանք հայկական կողմի պայմանավորվածության, այսպես ասած՝ «ժամանակ ձգելով հրաժարումը», այսինքն՝ «միջանցք» չտան, այլ տան ինչ-որ ճանապարհ։ Գառնիկ Դավթյանի մեկնաբանությամբ, ստացվում է, այստեղ էլ է երկակի խաղ գնում Եվրոպայի հետ, որը փորձում է ՀՀ կապիտուլյանտ իշխանություններից ստանալ ցանկալի արդյունքը, որը չեն կարողանում ստանալ ռուսներից։ Հակառակն էլ կա, քանի որ այնպես չէ, որ եվրոպական կողմը լավ տարբերակ է առաջարկում, ասելով, որ խաղաղությունը կարևոր է, բայց ելնում են իրենց շահերից։
«Նրանց համար նշանակություն չունի՝ հայկական կողմն Արցախը կտա՞ Ադրբեջանին, թե՞ ոչ, կամ էլ՝ «միջանցք կտա՞, թե՞ ոչ։ Այստեղ նրանց համար կարևորն այն է, որ եվրոպական դերի ազդեցությունը Հարավային Կովկասում մեծանա, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ եվրոպական ձեռքի ներքո։ Ընդհանուր ադրբեջանական կողմից այս պայմանագրի մասով փոփոխություններ չկան, բայց կարծում եմ՝ քանի դեռ հարմար պայմաններ չկան պատերազմ սկսելու համար, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի դիվանագիտական ճանապարհով անընդհատ ճնշի Հայաստանին՝ ստիպելով նրան գնալ զիջումների»,- շեշտեց Գառնիկ Դավթյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանն առհասարակ ո՞ր երկրներից ունի մեծ կախում՝ Թուրքիայից բացի, որպեսզի հայկական կողմն աշխատի այդ երկրի ուղղությամբ՝ նրանց միջոցով հասնելու Արցախի ճանապարհի բացման, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ աշխարհաքաղաքական փորձը և միջազգային հանրության կողմից ճնշման փորձերը ցույց են տալիս, որ ամենաարդյունավետ միջոցը տնտեսական պատժամիջոցների կիրառումն է կոնկրետ պետության նկատմամբ։
«Ռազմականը բացառում եմ, որովհետև այստեղ եվրոպական կողմը դժվար որևէ բան անի, բացի այդ, ես չունեմ գեթ մեկ պատմական օրինակ, երբ Եվրոպան հանուն հայերի ռազմական գործողություններ սկսի։ Այսինքն՝ այստեղ մնում է միայն տնտեսական և, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական պատժամիջոցները։
ՀՀ կապիտուլյանտ իշխանությունն ամեն բան արել է, որպեսզի Արցախն այսօր հայտնվի նման վիճակում, անգամ վերջերս իշխանական ոմն պատգամավոր ասել էր, որ հանուն 120 հազար արցախահայերի՝ 3 մլն հայություն չեն զոհելու։ Այսինքն՝ հայության մեջ տարանջատումներ դնելը եվրոպական կողմը հստակ տեսնում է, որ հայկական կողմի կոչերն ըստ էության ապալեգիտիմացված են։ Այսինքն՝ հայ պաշտոնյաները տարբեր հայտարարություններ անում են, հետո սպասում են, որ միջազգային հանրությունը ինչ-որ բան անի։ Այստեղ միայն սփյուռքի ու Արցախի ջանքերի շնորհիվ է, որ կա որոշակի դրական տեղաշարժ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։