Հերոսներ պետք չեն, միայն զոհեր՝ ոչնչի դիմաց
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համատեքստում ասել է.
«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»:
Այնուհետ անդրադառնալով Սեյրան Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն, նշել է, թե գնահատականը պետք է ժողովուրդը տա:
«Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է»,- շեշտել է նա:
Այստեղ լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրել են, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, իրենց իշխանությունն է «Ազգային հերոս» կոչման արժանացրել:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, և հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, պե՞տք է շարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»,- արձագանքել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել էր 2022թ. մարտի 31-ին, իսկ հոկտեմբերի 10-ին ազատ է արձակվել 15 միլիոն գրավի դիմաց:
Հավելենք, որ 2020 հոկտեմբերի 20-ին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, թեժ մարտեր էին ընթանում, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի»:
Երբ Փիլոյանին, հետո նաև այլ մեկի փաշինյանական իշխանությունը որոշի, որ նրանք անարժան են «Ազգային հերոսի» կոչմանը, կարո՞ղ ենք նաև ենթադրել՝ պատերազմի օրերին հերոսական արարք չի արել: Այլապես ի՞նչ է ստացվում՝ հերոսական կռվի համար հերոս են հռչակում, քաղաքական վրեժխնդրությունից հակահերոսի վերածում:
Միգուցե այդ դեպքում կոչումներ և մեդալներ շնորհելուց առաջ լա՞վ մտածեն և առատորեն մեդալներ չբաժանեն, ինչպես դա արեցին հուլիսյան մարտերից հետո:
Ինչ վերաբերում է ազգային հերոսի կոչում տալու ինստիտուտի վերանայմանը, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում, դրա գոյությունը, ըստ էության, իմաստ էլ չունի, որովհետև այս իշխանության մեջ հերոսներ չկան, չեն կարող լինել, մյուս կողմից՝ հերոսանալու տեղ չեն էլ թողել՝ հաշվի առնելով բանակի նկատմամբ տարվող քաղաքականությունը, զինվորականությանը սահմանադրական իր պարտականություններից դե ֆակտո զրկելու փաստը:
Եվ վերջապես՝ այս իշխանություններին հերոսներ պետք չեն, ընդամենը անմեղ արյուններ, զոհեր՝ ոչնչի համար… հերոսները «ռևանշիստական» կամ վրեժի տրամադրություններ են ստեղծում, խոսքը ճիշտ հերոսների մասին է, իսկ դա թուրք-ադրբեջանական տանդեմին և Նիկոլ Փաշինյանին բնավ ձեռնտու չէ:
Եվ հենց այս քաղաքականության համատեքստում արվում է ամեն ինչ, որ ժողովուրդը ևս գտնի՝ իրական հերոսները հերոսներ չէին:
Գեներալների և, առհասարակ, սպաների, զինվորականության նկատմամբ հասարակության շրջանում խորացող ատելությունը և նրանց անցյալի մերժումը կամ մոռացումն առանձին թեմա է: