Միրզոյանը Յոհան Վադեֆուլին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:
Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: