Մարքետինգային քա՞յլ, թե՞ վտանգավոր մեսիջներ

Աննա Հակոբյանը Չարենցի «Երկիր Նաիրին» ձեռքին՝ հերթական գրառումն է արել:

Հնարավոր է, ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, հենց Աննա Հակոբյանն է հորդորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր շնորհավորական ուղերձում 2023 թվականը հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի՝ «որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց, որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում»:

«Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:

Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:

Կարդացեք նաև

Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում»,- ասել էր Փաշինյանը:

Գուցե պետական և ոչ պետական մակարդակով չարենցյան «ռազմավարության» շրջանառությունը ընդամենը մարքետինգային քայլ է, որին, ըստ էության, լծվել է պետական ողջ ապարատը:

Գուցե, եթե հաշվի առնենք, որ Չարենցի 125-ամյակի շրջանակում հեղինակի «Երկիր Նաիրի» վեպի հրատարակման գործին և գաղափարին մասնակցություն է ունեցել ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Ի դեպ, 2018-ի նոյեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում տեղի ունեցած հանրահավաքի վերջում արտասանել էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»:

Ինչևէ, չբացառելով այս ամենում Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի մարքետինգային կամ զուտ գիրք վաճառելու նպատակները, ինչո՞ւ չէ՝ անձնական շահ ունենալու փաստը, բայց հաշվի առնելով, որ իրենց գրառումներում և հայտարարություններում նաև ինչ-ինչ նպատակներով ինչ-ինչ մեսիջներ են դնում, և այն, որ կան մարդիկ, որ, օրինակ, Աննա Հակոբյանի հենց այդ մեսիջներն ու ուղիղ խոսքն է վերցնում, ոչ թե վազում գնելու «Երկիր Նաիրին», հարկ ենք համարում երբեմն արձագանքել այդ գրառումներին: Միգուցե նպատակը նաև ինչ-ինչ մեսիջներ հաղորդելն է, ինչ-ինչ գաղափարներ ամրապնդելը:

Օրինակ, այսօրվա գրառման մեջ Աննա Հակոբյանը, ով «Երկիր Նաիրին» մոռացել էր Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում, և որը շատ ծանր է տարել, քան, օրինակ, Արցախի՝ մոտ 2 ամիս շրջափակման մեջ լինելը, հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահը, հիշել է Իսլանդիայի պատմությունը, թվարկել հաջողությունները:

«2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։

 Իսլանդիայի դելիմիտացված և դեմարկացված տարածքը կազմում է 102,775 կմ² (2,7% ջրային):

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է):

ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:

Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է»,- գրել է Հակոբյանը և հավելել, թե իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարևաններով:

«1944 թվականի հանրաքվեով իսլանդիացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, և երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:

20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50 միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել:

Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլիացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:

Իսլանդացիներին չես զարմացնի նաև ցավով ու տառապանքով:

Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18, ոչ 17 և ո՛չ էլ՝ 16-րդ դարերում:

1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգևոր առաջնորդին և նրա երկու որդիներին և ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:

1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:

1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը։

1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «Մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից»,- գրել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով՝ «Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիկանների մոտ հրազեն չկա»:

Այնուհետ նա շարունակել է, թե «Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը»:

 «Նրանք չեն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չեն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չեն վախեցել դարավոր թշնամուց, չեն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը և կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չեն վախեցել, որ 50 միլիոնանոց հարևան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եվ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։ Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել»: «Իսլանդացիները չեն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։ Եվ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը և դառնալ աշխարհի 5 ամենահարուստ և ամենաերջանիկ պետություններից մեկը»,- հավելել է Հակոբյանը՝ ակնարկելով, որ պատմությունը պիտի թողնել անցյալում:

Ինչ է ուզում ասել Աննա Հակոբյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայկական արտադրանքը կուլ չի գնալու թուրքականի՞ն, թե՞ հայկական պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերը ոչնչացնող և յուրացնող Ադրբեջանը դադարելու է այդպիսին լինել, թե՞ մեր թշնամին փոխվելու է և չի երազելու սպանել հայ զինվորին, հայ կնոջն ու հայ երեխային:

Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի անդամ Իսլանդիայի Զինված ուժեր չունենալու փաստը շեշտելով՝ Աննա Հակոբյանը գուցե ցանկանում է այդպիսի՞ Հայաստան՝ առանց բանակ, ինչի ուղղությամբ, ի դեպ, ակտիվ աշխատում են, թեպետ անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակից: Սա առանձին թեմա է:

Ի դեպ, Աննա Հակոբյանը չգիտի՞, որ Իսլանդիան կղզի-պետություն է, այսինքն՝ գտնվում է Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների սահմանագծին գտնվող համանուն կղզում: Եվ հարևանների առումով էլ բացարձակ համեմատելու բան չկա:

Տեսանյութեր

Լրահոս