Ռուսաստանը դաժան հարված կարող է հասցնել Հայաստանին. պետք է մեղմել հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը և կանխել 3-րդ պատերազմը. Գարիկ Քեռյան

Արցախի շրջափակման 57-րդ օրը փաստում է՝ քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի գնացել քաղաքական որոշումների կայացման, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակելու է մնալ փակված, եթե հիշենք նաև ռուս պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ հայ ժողովուրդը թող Հայաստանի իշխանությունից պահանջի բացահայտել, թե ի՞նչ են պայմանավորվել, ապա առավել քան անհրաժեշտ է դառնում այդ քաղաքական որոշման կայացումը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բերձորի (Լաչինի) միջանցքի բացմանը միտված անհրաժեշտ քայլերին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն այս հարցում պետք է ակտիվորեն աշխատի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, մինչդեռ պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունները շարունակվում են: Ռազմավարարական երկու դաշնակիցների միջև անհամաձայնություններն էլ ավելի խորացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո, երբ Լավրովն ասաց. «երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ ՀՀ նախկին իշխանությունը ոչ այնքան լավ ու դրական էր ընդունում, ցանկանալով պահպանել այդ տարածքները, որոնց նկատմամբ նա երբեք չէր ունեցել հավակնություններ․․․ Ուստի, այո, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն են պատկանում»։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ շատերի համար անսպասելի այս հայտարարությունն այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը.

Կարդացեք նաև

 «Ինձ մոտ հարց է առաջանում՝ բայց մի՞թե Լավրովը նորություն ասաց. չէ՞ որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը երբեք չեն ասել, որ այդ 7 շրջանի նկատմամբ Հայաստանն ունի տարածքային պահանջ։ Կրկնում եմ՝ Լավրովը նորություն չի ասել, որովհետև հայկական կողմից միշտ էլ հայտարարվել է՝ 7 շրջանը կվերադարձվի, եթե լուծվի Արցախի կարգավիճակի հարցը»:

Ընդունելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորությունները, մասնավորապես՝ Բերձորի միջանցքում, Ռուսաստանը չի կատարում, Գարիկ Քեռյանը հակառուսականության խորացմամբ զբաղվելու փոխարեն՝ կոչ արեց հիշել՝ երբ Ռուսաստանը Հայաստանից և Արցախից հեռանա, 15 րոպե անց ռուսի տեղը լրացնելու է ոչ թե եվրոպացի զինվորը, այլ թուրքը։

«Կա՞ պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ եվրոպացի մի զինվոր եկել և մեր սահմանն է պաշտպանել։ Եթե Ռուսաստանը համարում եք մեր ոխերիմ թշնամին, իսկ ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթը չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը զենքով չի գրավում Ստեփանակերտը, եթե չի գրավում, նշանակում է, որ պետք է Հայաստանն աշխատի այդ երկրի հետ. առաջարկի ռուսական և ադրբեջանական կողմերին կնքել տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ պայմանագիր, որով կսահմանվեն այն անցագրային ռեժիմները, որոնցով պետք է գործեն այդ կապուղիները։ Կրկնում եմ՝ ես Սյունիքով արտատարածքային միջանցք տալուն կտրուկ դեմ եմ, բայց ընդունում եմ, որ Բերձորի միջանցքը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Սյունիքով ճանապարհ չի տրվել, որտեղ կկանգնեն ռուս սահմանապահները»,- ասաց Քեռյանը՝ առաջարկելով Հայաստանի իշխանությանը աշխատել հենց այս հարցերը լուծելու և ոչ թե՝ այս կամ այն կառույցից իրադարձությունների վրա չազդող հայտարարություններ բերելու ուղղությամբ, հակառակ պարագայում Բերձորի միջանցքի փակված մնալն Արցախում ստեղծելու է անելանելի իրավիճակ, իսկ Հայաստանում հակառուսականության խորացումը՝ այդ երկրին դաշնակցից վերածելու է թշնամու։

«Ռուսաստանն անկանխատեսելի և դաժան հարված կարող է հասցնել ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք ոչ բարեկամական դիրքորոշում կունենան իր նկատմամբ։ Ռուսաստանի նման պահվածքը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով ու ստեղծված վիճակով, ինչի հետևանքով Ռուսաստանը կարող է ընդունել անկանխատեսելի որոշումներ։ Պուտինը հաստատակամ է հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը պահելու հարցում և առաջնորդվում է այդ երկրի պետական շահով, ուստի մենք պետք է շատ արագ մեղմացնենք հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնությունը, որովհետև կատակ բան չէ, երբ արդեն ՌԴ արտգործնախարարությունը մեր վերաբերյալ սկսում է շատ կոշտ հայտարարություններ անել։ Սրանք մարտահրավերներ են, որոնք կարող են Հայաստանը կանգնեցնել 1920 թվականի իրավիճակի առաջ, երբ Հայաստանի իշխանությունը հազիվ կարողացավ մի կերպ փրկել 29.800 քառակուսի կիլոմետր տարածք՝ չկարողանալով ռուս-թուրքական հարաբերությունների մեջ գտնել և պաշտպանել հայկական շահը։ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների անհեռատես քաղաքականությունն էր, որ բերեց ու հանգեցրեց նրան, որ թուրքական զորքը հասավ Երևան»,- ասաց Քեռյանը՝ կոչ անելով դաս քաղել պատմությունից և նույն խնդրի առաջ երկրորդ անգամ չկանգնել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս